ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Հայտնում են Քննչական կոմիտեից:
25.08.2016 թվականին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից վարվող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի աջ կողնակ և կողաշրջվել ձորակի մեջ:
Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ավտոմեքենայի ուղևոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ Ա. Սվիտկոն անգիտակից վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ: