haqqin.az-ից տեղեկանում ենք, որ Ադրբեջանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստությունը: Այսօր երկրի ԿԸՀ-ն գրանցել է 2 նախաձեռնողական խումբ:
ԿԸՀ-ն հաստատել է «Բելեյդիյե» («Համայնք»), «Քաղաքացիական հասարակություն» խմբերը եւ հաստատել է «Ենի Ազերբայջան» նախաձեռնողական խմբի ներկայացուցիչների մասնակցությունը իշխանության կուսակցության անունից:
Նշենք, որ հուլիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Սահմանադրական դատարան փոխանցված նախագծի համաձայն՝ առաջարկվում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ 7 տարի։
Նախագահին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու լիազորություններ են տրվում։ Փաստաթուղթը նախատեսում է սահմանել փոխնախագահի ինստիտուտ։ Փոխնախագահին նշանակում եւ ազատում է նախագահը։ Եթե նախագահն ի վիճակի չի լինում կատարել պետության ղեկավարի պարտականությունները, ապա նրա լիազորություններն անցնում են առաջին փոխնախագահին։ Գործող սահմանադրությամբ դրանք անցնում են վարչապետին։ Տարբերությունն այն է, որ եթե վարչապետին նշանակում է խորհրդարանը, ապա առաջին փոխնախագահին պետության ղեկավարն ինքն է նշանակում, առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու։
Առաջարկվում է նաեւ լուծարել նվազագույն տարիքային շեմը նախագահի պաշտոնի թեկնածուի համար, որը հիմա 35 տարեկանն է։ Սահմանադրությամբ խորհրդարանի ցրման հնարավորություն տվող փոփոխություններ են նախատեսվում։