Նախագահ Սերժ Սարգսյանը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում աշխարհի երրորդ ամենամեծ բնակչությամբ և Բրազիլիայի խոշորագույն հայկական համայնք ունեցող Սան Պաուլո քաղաքում հանդիպում է ունեցել Սան Պաուլո նահանգի նահանգապետ Ժերալդո Ալքմինի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ Նախագահը հանդիպման սկզբում նախ երախտագիտություն է հայտնել նահանգապետ Ալքմինին այն աջակցության համար, որ Սան Պաուլո նահանգը շարունակաբար ցուցաբերում է հայ համայնքին:
Հայ-բրազիլական միջպետական հարաբերությունների զարգացման և երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու մշակութային արժեքների փոխճանաչելիության գործում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունը՝ որպես օրինակ ներկայացնելով դեռևս մեկ տասնամյակ առաջ Օզասկոյի և Գյումրիի, ինչպես նաև այս տարի Ֆրանկո դա Ռոշա քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քույր քաղաքներ հռչակումը:
Նախագահը հույս է հայտնել, որ տարբեր մակարդակի փոխայցերն ու շփումները, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների միջև, նոր խթան կհաղորդեն Հայաստանի և Բրազիլիայի հարաբերություններին` ընդլայնելով փոխգործակցության զարգացմանն ուղղված օրակարգը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սան Պաուլոյի նահանգապետ Ժերալդո Ալքմինին և նահանգային իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու, ինչպես նաև Սան Պաուլո քաղաքի «Արմենիա» հրապարակում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու համար:
ՀՀ Նախագահը և Սան Պաուլոյի նահանգապետ Ժերալդո Ալքմինը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ու առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները: Հատկապես անդրադարձ է եղել գյուղատնտեսության ոլորտում հետազոտությունների և գիտական նորարարության ծրագրերի շուրջ փոխգործակցության հեռանկարներին:
Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահը և նահանգապետ Ալքմինը հանդիպել են Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ընդունելություն էին կազմակերպել նահանգապետարանում` ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի:
Ընդունելության ավարտին ՀՀ Նախագահը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրել Սան Պաոլոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս, համայնքային ակնառու գործիչ, բարերար տիկին Հիլդա Դիրուհի Բուրմայանին: Ի թիվս բազմաթիվ իրագործված ծրագրերի` Բուրմայանների ընտանիքն է հոգում Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կառուցման ծախսերը: