Լրագրողները ձերբակալվել են կոռուպցիայի մասին հոդված հրապարակելու համար

Ինչպես գրում է Amnesty International-ը, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Օմանի իշխանությունները մի շարք լրագրողների են ձերբակալել, որը ակնհայտ է դարձնում երկրում ազատ արտահայտման իրավունքի դեմ շարունակվող պայքարը:

Ինչպես տեղեկացվում է Azamn լրատվականի երեք լրագրողները ձերբակալվել են հուլիսի 26-ին թերթում հրապարակված հոդվածի առնչությամբ, որը կապված էր երկրի դատական համակարգում առկա կոռուպցիոն խնդիրների հետ: Վերջերս ձերբակալվել է նաև թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Յուսեֆ ալ-Հայը, իսկ Մշակույթի և տեղեկատվության նախարարությունը հրահանգել է փակել թերթը և նրա առցանց տարբերակը:

Թերթում հրապարակված հոդվածում Օմանի Գերագույն դատարանի նախագահը, ինչպես նաև Դատական խորհրդի ղեկավարը մեղադրվում են ազդեցիկ պաշտոնյաների անունից դատական վճիռների ելքի վրա ազդելու մեջ:

Հոդվածի հրապարակումից երկու օր անց թերթի գլխավոր խմբագիր ձերբակալվել է հարցաքննության նպատակով: Օգոստոսի 3-ին ձերբակալվել է թերթի լրագրող Զահեր ալ-Աբրին, որից հետո գլխավոր խմբագրի տեղակալ Յուսեֆ ալ-Հայը հրապարակել է Օմանի Գերագույն դատարանի փոխնախագահի հետ անցկացված բացառիկ հարցազրույների վրա հիմնված մի շարք հոդվածներ, որոնցում հաստատվել են նախորդ հոդվածում նշված կոռուպցիոն գործունեության մասին ենթադրությունները: Հոդվածներից վերջինը հրապարակվել է օգոստոսի 9-ին, որից հետո ձերբակալվել է նաև Յուսեֆ ալ-Հայը:

«Ակնհայտ է, որ լրագրողները պատժվում են լրագրողի իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնելու համար: Դատական համակարգը քննադատելը կամ ենթադիյալ կոռուպցիոն գործունեության մասին հրապարակումներըը հանցանք չեն: Օմանի իշխանությունները պարտավոր են նրանց անհապաղ ազատ արձակել, եթե լրագրողները ձերբակալվել են միայն իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու համար»,- նշել է Amnesty International-ի՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ծրագրի ղեկավարի տեղակալ Մագդալենա Մուղրաբին՝ հավելելով, որ ձերբակալությունները ցույց են տալիս, որ երկրում ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված պայքարը սրվել է և լրագրողներին ուղղված ուղերձը շատ պարզ է. չի կարելի քննադատել դատական համակարգը:

Դեռևս պարզ չէ՝ արդյոք ձերբակալված լրագրողների նկատմամաբ մեղադրանք առաջադրվել է թե ոչ, և ինչ բնույթ են կրելու մեղադրանքները:

Օմանի պետական լրատվական գործակալության տարածած հաղորդագրության մեջ կոռուպցիայի մասին հոդվածը որակվում է որպես թույլատրելի սահմանների և արտահայտման իրավունքի էթիկայի լուրջ խախտում՝ նախազգուշացնելով, որ հոդվածը վնաս է հասցմում երկրի ամենակարևոր հաստատություններից մեկին:

«Եթե Օմանի իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ որոշ չափով տեղյակ են ազատ արտահայտման իրավունքի մասին, նրանք, լրագրողներին ապօրինի կերպով ձերբակալելու փոխարեն, պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի վերջիններս ազատորեն իրականացնեն իրենց օրինական աշխատանքը՝ առանց ճնշումների և բռնությունների ենթարկվելու վախի»,_ ասել է Մագդալենա Մուղրաբին:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել