Արդյո՞ք տեղյակ եք ընտանեկան ձեռնարկատիրության հարկման մասին

Հարկային օրենսդրության կիրառության իմաստով` ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը. ընդ որում ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, ամուսինը, զավակը, եղբայրը, քույրը:

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են համարվել վերը նշված պայմանը բավարարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, այդ թվում` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Ընդ որում՝

1) անհատ ձեռնարկատերը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե վերջինս իր գործունեությունն իրականացնում է բացառապես իր ընտանիքի անդամների (այդ թվում` որպես վարձու աշխատող) միջոցով.

2) առևտրային կազմակերպությունը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալն ամբողջությամբ պատկանում է ընտանիքի մեկ կամ մի քանի անդամի, և եթե կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է բացառապես կազմակերպության բաժնետերերի կամ բաժնետերերի ընտանիքի անդամների (այդ թվում` որպես վարձու աշխատող) միջոցով:

Հարկ է նշել, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի (այսուհետ` իրացման շրջանառություն), չի գերազանցել 18.0 մլն դրամը: Սույն մասի կիրառության առումով իրացման շրջանառությունը ներառում է նաև հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը):

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝

1) առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք, ինչպես նաև «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող անձինք (բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ով հաստատված ցանկի 13-րդ կետով նախատեսված գործունեության տեսակն իրականացնող անհատ ձեռնարկատերերի)` գործունեության այդ տեսակների մասով.

2) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները և (կամ) ներմուծողները.

3) աուդիտորական ընկերությունները, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը.

4) արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները.

5) խաղատների և շահումով խաղերի կազմակերպիչները.

6) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, եթե`

ա. առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը պատկանում է այլ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը),

բ. առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի որևէ մասի սեփականատեր հանդիսացող ընտանիքի անդամին պատկանում է այլ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):

Ի դեպ նշենք, որ այս իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել