Լրագրողները բռնությունների են ենթարկվել քիչ առաջ (թարմացված)

00։41 Քիչ առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, անդրադառնալով լրագրողների դեմ բռնություններին, գրել է․

ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի:

00։30 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել․

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, ինչպես նաև խոչընդոտվել է նրանց աշխատանքը: Ըստ մեզ ներկայացված տեղեկությունների՝ դրանք արել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ:
ՀՀ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին:
Մեր կողմից բոլոր հրապարակումներն արձանագրվել են, դրանց հիման վրա անհրաժեշտ է անմիջապես հարուցել քրեական հետապնդում, իրականացնել մանրամասն քննություն և բացահայտել բոլոր մեղավոր անձանց:
Այն քաղաքացիներին, ովքեր տիրապետում են 1in.am, azatutyun.am, armlur.am, a1plus.am «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ բռնության գործադրման կամ ոստիկանների հնարավոր ներգրավման մասին վկայող տեսանյութեր, խնդրում ենք դրանք անհապաղ տրամադրել Պաշտպանի աշխատակազմին: Հեղինակների ինքնության գաղտնիությունը երաշխավորում ենք:
Ահազանգեր են ստացվել նաև քաղաքացիների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

00։10 «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը հարձակման են ենթարկվել Սարի թաղում տեղի ունեցող ցույցը լուսաբանելու ընթացքում։ «Նրանք ունեին լրարգրողական վկայականներ և լրագրողական սարքավորումներ։ Երկուսն էլ ենթարկվել են բռնության, մահակներով հարվածներ են ստացել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից։ Նրանք ասել են Հովհաննեսին՝ էդ նկարում ես, հա։ Մոտեցան և սկսեցին հարվածել, ջարդեցին տեխնիկան։ Սարսափելի է։ Ինչպես հաղորդում են Հովհաննեսը և Կարլենը ոստիկանները պոկել են լրագրողական վկայականները։ Ծեծի են ենթարկել նաև ցուցարարներին։ Սարսափելի է ուղղակի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ռադիոկայանի մեկնաբան Հրայր Թամրազյանը։

Բռնության են ենթարկվել նաև «Ա1+» լրատվամաիջոցի լրագրողները, այս մասին գրում է լևատվամիջոցի խմբագիրներից Հասմիկ Բուդաղյանը․ «Ուղիղ եթերում բռնության ենթարկվեց նաև Ա1+-ի անձնակազմը»։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել