Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն կրկին այցելել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության Ձերբակալվածների պահման վայր՝ Ալեք Ենիգոմշյանին տեսակցության: Տեղի է ունեցել առանձնազրույց Ա. Ենիգոմշյանի հետ, ինչպես նաև հանդիպում ՁՊՎ ղեկավարության հետ:
Այցի ընթացքում կատարված մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Ենիգոմշյանի խնամքի կազմակերպման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» կազմակերպությունից արդեն իսկ ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր են գործուղվել հատուկ մասնագետներ: Այցի պահին մեր ներկայացուցիչները հանդիպել են նաև խնամքի համար ՁՊՎ-ում ներկա բուժքույր-մասնագետին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Ենիգոմշյանին խնամքի համար գործուղված է չորս մասնագետ և խնամքի համար սահմանված է շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուրի համար 8 ժամ տևողությամբ:
Պարզվել է նաև, որ Ալեք Ենիգոմշյանը արդեն ստացել է հանձնուք, նրան տրամադրված է անհրաժեշտ դեղորայք ստանալու հնարավորություն և արդեն իսկ ստացել է որոշակի դեղեր, տրամադրված են հիգիենայի պարագաներ և ապահովված է նաև ՁՊՎ-ում զբոսանքի հնարավորությունը: Ինչպես նշել ենք, նրան տրամադրվել է նաև սեղան և ռադիոընդունիչ:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ներկայությամբ ՁՊՎ-ի պետը Ա. Ենիգոմշյանին է հանձնել վերջինիս վերաբերող ինչպես անձնական, այնպես էլ դատավարական փաստաթղթեր՝ բրալյան գրով:
Ա. Ենիգոմշյանը ՁՊՎ-ի վարչակազմի դեմ բողոք չի ներկայացրել:
Վերը շարադրվածը վկայում է, որ Ազգային անվտանգության ծառայության ՁՊՎ-ում Ալեք Ենիգոմշյանի պահման պայմանները հաշվի են առնում նրա հատուկ կարիքները և հաշմանդամության առանձնահատկությունները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Իրավաբան.net