«Իրավունքի Եվրոպա Միավորում» հասարակական կազմակերպությունը 27.07.2016թ. հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպանների փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ, որտեղ, ի թիվս այլոց, պահանջել է «զերծ մնալ նրանց («Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներին) զարտուղի ճանապարհներով հրավիրված հանրային պաշտպանի ծառայությունները պարտադրելուց»: Այս կապակցությամբ պարզաբանում ենք հետևյալը.
«Հայտարարության» մեջ հանրային պաշտպանների` քրեական գործով վարույթին ներգրավելու վերաբերյալ արված պնդումները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը և հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեն, այլև վկայում են հասարակական կազմակերպության ոչ արհեստավարժ գործունեության մասին: Հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործերով հանրային պաշտպան տրամադրում է միայն վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա։
Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 26.07.2016թ. կայացվել են որոշումներ Աշոտ Գարուշի Պետրոսյանի և Հովաննես Գառնիկի Հարությունյանի շահերը պաշտպանելու համար քրեական գործով հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ:
Հանրային պաշտպանի գրասենյակը պարտավոր էր, ի կատարումն քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումների, գործերը հանձնել հանրային պաշտպաններին, ինչը և կատարել է՝ 26.07.2016թ. ժամը 14:30-ի սահմաններում Աշոտ Գարուշի Պետրոսյանի գործը հանձնվել է հանրային պաշտպան Մերի Ալավերդյանին, իսկ Հովհաննես Գառնիկի Հարությունյանի գործը՝ հանրային պաշտպան Լլյուդվիգ Ավետիսյանին: Նշված հանրային պաշտպանները կարող էին պաշտպանի իրավիճակ ձեռք բերել Աշոտ Գարուշի Պետրոսյանի և Հովաննես Գառնիկի Հարությունյանի համաձայնությունը ստանալու պահից միայն: Աշոտ Գարուշի Պետրոսյանը և Հովաննես Գառնիկի Հարությունյանը տվել են իրենց համաձայնությունը:
Հանրային պաշտպանի գրասենյակը և հանրային պաշտպանները գործել են օրենքով սահմանված կարգով: Ինչպես նշված է հայտարարության մեջ, հասարակական կազմակերպության հրավիրած փաստաբան Արայիկ Պապիկյանը, Աշոտ Պետրոսյանի զավակների դիմումի հիման վրա ցանկացել է «Էրեբունի» բժկական կենտրոնում տեսակցել վերջինիս, տեսակցությունը համաձայնեցնելով «բժշկական անձնակազմի համապատասխան ներկայացուցիչների» հետ, սակայն չի կարողացել տեսակցել, քանի որ անվտանգության աշխատակիցը փաստաբանին թույլ չի տվել մուտք գործել հիվանդասենյակ:
Փաստաբանական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի համար պարզ է, որ պաշտպանյալին տեսակցելու համար փաստաբանը նախևառաջ պետք է ստանձնի անձի պաշտպանությունը` ներգրավվելով քրեական գործով վարույթին` ներկայացնելով իր դիմումը և Աշոտ Պետրոսյանի զավակների` քրեական վարույթն իրականացնող մարմնին ուղղված դիմումը:
Բացի այդ, Աշոտ Գարուշի Պետրոսյանի համաձայնությունը ստանալուց հետո միայն փաստաբան Արայիկ Պապիկյանը կհամարվեր վերջինիս պաշտպանությունը ստանձնած պաշտպան: Սակայն, ինչպես երևում է «Հայտարարության» տեքստից, մասնավոր կարգով հրավիրված փաստաբանը փորձել է դիմումը մուտք անել ժամը 17:55-ին, հանրային պաշտպանին գործը հանձնելուց և հանրային պաշտպանի կողմից գործով վարույթին ներգրավվելուց հետո: Հետևաբար, պնդումը, թե հանրային պաշտպան Մերի Ալավերդյանին, ի տարբերություն Արայիկ Պապիկյանի, հաջողվել է մտնել հիվանդասենյակ և հանդիպել Աշոտ Պետրոսյանին, պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն փաստաբան Աշոտ Պապիկյանի, Մերի Ալավերդյանը ստանձնել է Աշոտ Պետրոսյանի պաշտպանությունը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Աշոտ Պետրոսյանին թույլ չի տրվել կապի մեջ մտնել զավակների հետ և որևէ կերպ չի տեղեկացել, որ ինքն ունի իր զավակների կողմից ընտրված պաշտպան` արդյունքում զրկվելով իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքից, ապա «Հայտարարություն» տարածողը պետք է իմանար, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` նման պարտականություն կրում է վարույթն իրականացնող մարմինը: Այնուհանդերձ, հարկ է նշել, որ Մերի Ալավերդյանի կողմից Աշոտ Պետրոսյանին բացատրվել է, որ վերջինս ունի իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունք, սակայն Աշոտ Պետրոսյանը ցանկացել է, որ իր շահերի պաշտպանությունն իրականացնի Մերի Ալավերդյանը:
«Հայտարարության» մեջ արված մեկ այլ պնդման հետ կապված, թե ըստ Աշոտ Պետրոսյանի դստեր` Տաթևիկ Պետրոսյանի իրենք գիտեին հանրային պաշտպանի գրասենյակի ծառայությունների մասին և չեն դիմել դրան, և որ իրավիճակին ծանոթ լինելու և ինֆորմացիա ունենալու դեպքում իրենց հայրը ևս չէր ընդունի հանրային պաշտպանի ծառայությունները, ապա հարկ է նշել, որ փաստաբանական գործունեության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող յուրաքանչյուր անձի հայտնի է, որ քրեական գործերով կասկածյալին կամ մեղադրյալին հանրային պաշտպան տրամադրվում է ՄԻԱՅՆ վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա և ՄԻԱՅՆ կասկածյալի կամ մեղադրյալի ցանկությամբ կամ արդարադատության շահի հիմնավորմամբ, այլ ոչ թե վերջիններիս ընկերների և հարազատների դիմումների հիման վրա:
Կարծում ենք, որ հասարակական կազմակերպերությանը պետք է հայտնի լինի հանրային պաշտպան տրամադրելու ընթացակարգը, նման տեղեկատվության տարածումը, մեր կարծիքով, ընդամենը հետապնդում է ընթերցողին մոլորեցնելու և հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքը ստվերելու նպատակ, ինչը համահունչ է հասարակական կազմակերպության` հանրային պաշտպանի գրասենյակի դեմ վերջին ժամանակներում իրականացված քաղաքականությանը: Այդուհանդերձ, ցանկանում ենք նշել, որ թե՛ Աշոտ Պետրոսյանը, և թե՛ Հովհաննես Հարությունյանը կարող են ցանկացած պահի հրաժարվել հանրային պաշտպանի ծառայություններից, այդ պարագայում հանրային պաշտպանի կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրումը կդադարեցվի անմիջապես:
Ամփոփելով վերոգրյալը` անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը գործել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սահմաններում, հանրային պաշտպաններին գործերը հանձնվել են վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա: Ուստի, «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպությանը հորդորում ենք ձեռնպահ մնալ հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքը և առանձին հանրային պաշտպանների բարի համբավը արատավորելու` սեփական շահերով թելադրված արատավոր գործելաոճից:
ՀՀ փաստաբանների պալատի
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ՝ Վարսեր Կարապետյան
Իրավաբան․net