Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունում կազմակերպված ասուլիսին ներկայացել էին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի մասնակիցներ Գառնիկ Հովակիմյանի և Էդգար Հովհաննիսյանի հարազատները, ովքեր խնդրում են զինված խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանին բաց թողնել իրենց որդիներին:
Էդգար Սողմոնյանի հայրը` Մերուժան Սողմոնյանը, ով առաջին կարգի հաշմանդամ է ասաց, թե իր որդին չի ճանաչում «Սասնա ծռեր» գումարտակի տղաներին, երբևէ չի հետաքրքրվել քաղաքականությամբ, բանակում չի ծառայել ու նույնիսկ կրակել չգիտի. «Պավլիկ Մանուկյանին խնդրում եմ իմ էրեխուն տա ինձ, ես առաջին կարգի հաշմանդամ եմ, քանի օր ա պետքարան չեմ գնացել, ինձ օգնողն ինքն է»:
Նա պատմեց, թե Սպիտակից են, Էդգարը 30 տարեկան է, նշանված է: Հիմնականում վաստակում է շինարարությամբ զբաղվելով: Իրենց տեղեկություններով, Սպիտակից 6 տղա է անդամակցում զինված խմբին: Կանչել են ասել, թե մի ժամով պիտի գնան միտինգի, իսկ դրանից հետո չեն տեսել նրանց:
Գառնիկ Հովակիմյանի մայրն էլ պատմեց, որ տղան ապրում է Ռուսաստանում, ընտանիք` կին, երեխա, ունի: Մեկ ամիս առաջ է եկել Հայաստան՝ անձնագիրը փոխելու համար. «Նա ոչ մի կապ չի ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» հետ»,- պատմեց մայրը։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խումբը մտել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ է պահում են այնտեղ գտնվող ոստիկաններին՝ չորս մարդ: Նրանց մեջ են նաև փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
Մանրամասները` տեսանյութում: