Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպի հետեւանքով մի քանի անձիք են հոսպիտալացվել: Նրանցից երկուսն այս պահի դրությամբ գտնվում են «Էրեբունի» ԲԿ-ում: Նրանցից մեկը, 26-ամյա Թաթուլ Թամրազյանը, ով զինված խմբի անդամներից է, հիվանդանոց է տեղափոխվել որովայնի ձախ կեսի հրազենային վիրավորումով, վիրահատվել է, հեռացվել է նրա երիկամը:
«Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Շուշան Հունանյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ Թաթուլ Թամրազյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է, սակայն կա դրական դինամիկա:
Մյուս վիրավորը «02» հաղորդաշարի օպերատոր 33-ամյա Ռոբերտ Հայրապետյանն է, նա հիվանդանոց է տեղափոխվել աջ նախաբազկի հրազենային վիրավորումով: Այժմ հիվանդասենյակում է և շուտով դուրս կգրվի:
Շուշան Հունանյանը նշեց նաև, որ երեկ առավոտյան իրենց մոտից դուրս է գրվել նաև 40-ամյա Տիգրան Դանիելյանը, ում մոտ ախտորոշվել էր ձախ բազկոսկրի գլխիկի փակ հոդախախտում:
Նշենք նաև, որ որովայնի շրջանում հրազենային վիրավորում ստացած ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը տեղափոխվել է վիճակը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիրահատվել է, գտնվում է հսկողության տակ: Այստեղ է տեղափոխվել նաև փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ով թիկունքի շրջանում հրազենային բեկորային վիրավորում է ստացած եղել և ամբուլատոր կարգով բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: