Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և «Լուսավոր Հայաստանը» համատեղ կպայքարեն երկրի զարգացման հիմնական խոչընդոտի՝ կոռուպցիայի դեմ

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ հուլիսի 12-ին, համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Նպատակները մի քանիսն են, նախ կողմերը իրենց առջև խնդիր են դնում նպաստել քաղաքական և վարչական կոռուպցիայի նվազեցմանը, աջակցել Հայաստանում արդյունավետ պետական կառավարման համակարգի զարգացմանը, թափանցիկության, հաշվետվողականության և բարեխղճության սկզբունքների տարածմանը, ինչպես նաև բարձրացնել հասարակության հակակոռուպցիոն ընկալման և իրազեկության մակարդակն ու նպաստել կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության հատկորոշմանը և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որը ստեղծվել է 2014թ. թվականին, ներկայումս համախմբում է շուրջ 80 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների։ Կոալիցիայի առաքելությունն է նպաստել Հայաստանում կոռուպցիայի նվազմանը՝ ներդնելով արդյունավետ հակակոռուպցիոն կառուցակարգեր, ինչպես նաև հասարակական վերահսկողություն իրականացնել ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նկատմամբ։ «Կոռուպցիայի դեմ պայքարում անմասն չի կարող լինել նաև քաղաքական կուսակցությունների հետ համագործակցությունը, այն կուսակցությունների, որոնք իրենց քաղաքական ծրագրերում ունեն ուժեղ հակակոռուպցիոն հենք, և այդպիսի կուսակցություններից է՝ «Լուսավոր Հայաստանը» և մենք արդեն գտանք համատեղ եզրեր, որ պայքարենք այս չարիքի դեմ»,- հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո ասաց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։

Նա նշեց, որ հուշագրի հիմնական թիրախում Հայաստանում կոռուպցիայի վերացումն է հասարակության տարբեր ոլորտներում.  «Մենք պետք է կարողանանք քաղաքական կոռուպցիայի վերացմանն ուղղված արդյունավետ հակակոռուպցիոն կառուցակարգեր ներդնել։ Մյուս կարևոր խնդիրը մեր քաղաքացիների հակակոռուպցիոն կրթությունն է և հակակոռուպցիոն ընկալման մակարդակի բարձրացումը։ Մենք պետք է համատեղենք մեր ուժերը, որպեսզի ի վերջո Հայաստանում ունենանք հակակոռուպցիոն կրթության համապարփակ ծրագիր»,- շեշտեց պարոն Զադոյանը։

Շնորհավորելով հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ ձևավորման առաջին իսկ օրվանից՝ 2015թ.-ից կուսակցությունը թիրախավորել է կոռուպցիան. «Մենք զգում ենք, որ հասարակական աջակցությունները մեր նախաձեռնություններին շատ կարևոր է։ Հասարակական կազմակերպությունների և մեր քաղաքացիների աջակցությունը, կարծում եմ, կարող է ապահովել հասարակական սեկտորի ակտիվ մասնակցությամբ, ինչը տվյալ դեպքում Հակակոռուպցիոն կոալիցիան է։ Կոալիցիան մասնագիտացված ու խորը ուսումնասիրությունների արդյունքում հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով։ Հույս ունեմ, որ նաև խորհրդարանական հարթակը կօգտագործենք առանցքային նախաձեռնություններով հանդես գալու համար»,- նշեց պարոն Մարուքյանը։

Նա վստահ է՝ մեր երկրի զարգացման հիմնական խոչընդոտը կոռուպցիան է. «Երբ մեզ ասում են, թե ունենք չլուծված կոնֆլիկտ, փակ սահմաններ, ծով չունենք և նման այլ բաներ, ես կարծում եմ՝ առաջին հերթին մեզ խանգարում է Հայաստանում առկա կոռուպցիան, որը երկար տարիների ընթացքում դարձել է համակարգված մի գործիք, որը հնարավորություն չի տալիս տնտեսության զարգացմանը»,- ընդգծեց կուսակցության ղեկավարը։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Ընտրանի

Իրադարձություններ