Հարկային օրենսդրության կիրառության իմաստով`
1) ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը.
2) ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, ամուսինը, զավակը, եղբայրը, քույրը:
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են համարվել օրենքով սահմանված պայմանը բավարարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ սույն գլխի կիրառության իմաստով` նաև անձինք), այդ թվում` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Ընդ որում՝
1) անհատ ձեռնարկատերը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե վերջինս իր գործունեությունն իրականացնում է բացառապես իր ընտանիքի անդամների (այդ թվում` որպես վարձու աշխատող) միջոցով.
2) առևտրային կազմակերպությունը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալն ամբողջությամբ պատկանում է ընտանիքի մեկ կամ մի քանի անդամի, և եթե կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է բացառապես կազմակերպության բաժնետերերի կամ բաժնետերերի ընտանիքի անդամների (այդ թվում` որպես վարձու աշխատող) միջոցով:
Հարկ է նշել, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի (այսուհետ` իրացման շրջանառություն), չի գերազանցել 18.0 մլն դրամը: Սույն մասի կիրառության առումով իրացման շրջանառությունը ներառում է նաև հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը):
Կարևոր է իմանալ, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝
1) առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք, ինչպես նաև «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող անձինք (բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ով հաստատված ցանկի 13-րդ կետով նախատեսված գործունեության տեսակն իրականացնող անհատ ձեռնարկատերերի)` գործունեության այդ տեսակների մասով.
2) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները և (կամ) ներմուծողները.
3) աուդիտորական ընկերությունները, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը.
4) արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները.
5) խաղատների և շահումով խաղերի կազմակերպիչները.
6) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, եթե`
ա. առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը պատկանում է այլ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը),
բ. առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի որևէ մասի սեփականատեր հանդիսացող ընտանիքի անդամին պատկանում է այլ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):
Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները: