Վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:
Հարկ է իմանալ, որ նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):
Մինչև հղիության 154-րդ օրը հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ` օրենքով սահմանված կարգով:
Փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորը մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար: