Գերմանիայի Մյունստեր քաղաքի դատարաններից մեկը ստիպված է եղել սկզբից սկսել մթերային խանութից գողություն կատարելու մեջ կասկածվող երկու անձանց դատավարությունը, քանի որ նիստի ժամանակ դատավորի օգնականներից մեկը անընդհատ դանթում էր: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Dpa լրատվական գործակալության հետ զրույցում դատարանի աշխատակիցը նշել է, որ նախագահող դատավորը որոշում է կայացրել սկզբից սկսել նիստը, որպեսզի հետագայում դատավճռի բողոքարկման համար հիմքեր չլինեն:
Գերմանիայում դատական նիստերը սովորաբար վարում են հինգ դատավորներ, որոնցից երեքը մասնագետներ են իսկ երկուսը՝ օգնականներ: Տվյալ դեպքում օգնական դատավորներից մեկն էր, ով չէր կարողացել արթուն մնալ նիստի ժամանակ: Բարեբախտաբար դա դատական գործի առաջին նիստն էր, և հնարավոր է եղել ամեն ինչ զրոյից սկսել, երբ մեկ այլ դատավոր փոխարինել է նրան:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը