Կոռուպցիան ազատ մրցակցության ոլորտում. բարձրաձայնվեցին խնդիրներ և առաջարկվեցին դրանց լուծումները

Ի՞նչ կլինի, եթե առաջնային կարևորության պարենի շուկայում մենաշնորհ ունեցող ընկերությունը դադարեցնի դրա արտադրանքը կամ ներկրումը: Երկրում տնտեսական մոնոպոլիաների առկայությունը ազգային անվտանգության խնդիր է և դրանց ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն. այս դիրքորոշումն էր արտահայտվում Գավառում կազմակերպված «Ազատ մրցակցության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ:

Այսօր շարքային քաղաքացիներին հայտնի է, թե պարենի շուկայում կոնկրետ ապրանքների դեպքում ինչ մենաշնորհային ընկերություններ կան, սակայն  հստակ հնարավոր չէ տարորոշել գերիշխող դիրք ու մենաշնորհ ունեցող ընկերությունները, քանի որ ընկերությունների իրական սեփականատերերը չեն բացահայտվում և այդ տեղեկությունը հասանելի չէ հասարակությանը. այս մասին բացման իր խոսքում նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող  Կարեն Զադոյանը:

Եվ այժմ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին ներկայացվել են առաջարկություններ կարևորագույն երեք ինստիտուտների ներդրման վերաբերյալ, որոնք ուղղված են պետության ներսում կոռուպցիոն պայքարը առավելապես արդյունավետ դարձնելուն: Խոսքը վերաբերում է պետական գնումներին մասնակցող ընկերությունների իրական սեփականատերերի հրապարակայնացմանը, ապօրինի հարստացման քրեականացմանը և հակակոռուպցիոն անկախ մարմնի հիմնադրմանը: Այս երեք ինստիտուտների ներդրման ուղղությամբ այժմ մշակվում են օրենսդրական նախագծեր, որոնք, ամենայն հավանականությամբ, Ազգային ժողովին կներկայացվեն այս տարվա սեպտեմբերին:

Կարեն Զադոյանը նշեց, որ այս փուլում առաջնային խնդիր է ոչ միայն ոլորտում առկա խնդիրները վերհանելը, այլև դրանց լուծումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը. «Մենք չենք փորձում վատաբանել, այլ փորձում ենք գտնել լուծումները»:

Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչն ու Գավառի փոխքաղաքապետը նույնպես ողջույնի խոսքն ասացին և նշեցին, որ այս դեպքում կարևոր է, որ նախագահի և կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի կամք է դրսևորվում:

Օֆշորային գոտիներից բխող վտանգների և ազատ մրցակցության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդյուանվետ միջոցների մասին խոսեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարիամ Զադոյանը: Նա ներկայացրեց միջազգային փորձը` պետական գնումներին մասնակցող ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտելու ինստիտուտի վերաբերյալ:

Ուշագրավ հայտարարություն արեց «Կրեպսոն» ընկերության տնօրեն Արման Երեմյանը: Իր ղեկավարած ընկերությունը առնչվել է շուկայում առկա մենաշնորհին ու կոռուպցիոն ռիսկերին, երբ  պարարտանյութի սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում ներկայացրել է շուրջ 990 միլիոն դրամի խնայողության առաջարկ-ծրագիր, որը, սակայն, մերժվել է: Պետք է ներկրվեր որակյալ և մատչելի կալիում-ֆոսֆորական պարարտանյութ, սակայն շուկայում մենաշնորհային դիրք ունեցող այլ ընկերության պատճառով առաջարկը մերժվել է: Այս հարցում գործարարն ուղղակիորեն մեղադրում է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:

Կարեն Զադոյանը հայտնեց, որ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հետևողական է լինելու այս խնդրի լուծմանը և կանգնելու է գործարարի կողքին:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) աշխատակազմի իրավաբանական վարչության վարչական վարույթի բաժնի պետ Արսեն Հովհաննիսյանը հայտնեց, որ օրենսդրական փաթեթ է մշակվում՝ ուղղված տնտեսական մրցակցային պայմանները չխախտելուն: Մասնավորապես, եթե ներկայումս պետական ծառայողները, ովքեր կարող են իրենց պաշտոնեական դիրքի չարաշահմամբ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծել, միայն նախազգուշացվում են, ապա նոր նախագծով նախատեսվում են ֆինանսական տույժեր 500 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամի չափով:

Ազատ մրցակցության ապահովման տեսանկյունից տեղեկատվության հասանելիության և թափանցիկության մասին խոսեց տնտեսագետ Բաբկեն Թունյանը, կոռուպցիայի հաղթահարման արդյունավետ մեխանիզմների կիրառման հնարավորությունները ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը, նույն ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը ներկայացրեց բարեփոխումների իրականացման նպատակով ՔՀԿ-ների հետ համագործակցության կարևորությունն ու հեռանկարները:

Այնուհետև բուռն քննարկումների արդյունքում բարձրաձայնվեցին ոլորտի խնդիրները,  հնչեցին դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ, որոնք կհամակարգվեն և կներկայացվեն Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում, իսկ միջոցառումը ֆինանսավորվում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից:

Իրավաբան.net

 

Ընտրանի

Իրադարձություններ