Կողքովս 2-3 դիմակավոր մարդ անցավ, մտածեցի՝ կինո են նկարում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց  «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի մոտակայքում կատարված սպանության գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտի 4-ին արձակված կրակոցների հետևանքով սպանվեց քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանը, Դրաստամատ Թադևոսյանն ու Մեսրոպ Նազարյանը: Սպանության համար ամբաստանյալի աթոռին են Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը. նրանց մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի հիմունքներով:

Այսօր դատարանում հարցաքննվեցին երեք վկաներ:  Նրանք երեքն էլ ասացին, թե աբաստանյալներին չեն ճանաչում և վկայություն տալիս դժվարությամբ էին մտաբերում տեղի ունեցած դեպքի մանրամասները՝ պատճառաբանելով. «Մի տարի առաջ չէ՞ր, հիմա տենց լավ չեմ հիշում»:

Վկաների դատարանում տրված վկայությունների և նախաքննության ժամանակ տրված ցուցմունքների միջև հակասություններ կային, այդ իսկ պատճառով մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ խնդրելով հրապարակել  նախաքննական ցուցմունքները:

Վկա Արմեն Չիլինգարյանը դատարանում հայտնեց, թե  «Նուբարաշեն » ՔԿՀ-ի մոտ խողովակի համար փոս է փորելիս եղել, երբ կողքով 2-3 դիմակավոր մարդ է անցել, մտածել է, թե կինո են նկարում: Սակայն նախաքննության ընթացքում վերոնշյալ վկայի ցուցմունքում նշվում էր, թե մեղադրյալներից միայն մեկն է եղել դիմակով: Քաղաքացի Չիլինգարյանը դատարանին խնդրեց որպես հիմք ընդունել նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը:

Իսկ վկա Դմիտրի Սավչենկոն նկարագրեց երթուղին, որով տեղափոխել է 3 մեղադրյալին Նոր Նորքի 2-րդ զանգվածի շուկայից դեպի Ավան: Վկայի խոսքերով՝ ճանապարհին իր ուղևորների խնդրանքով կանգնել է ցայտաղբյուրի մոտ և հենց այդ ընթացքում նկատել, որ երիտասարդներից մեկի տաբատը պատռված է: Վերջում Սաբչենկոյին վճարել են 2000 դրամ, երբ վկան փորձել է վերադարձնել 1000 դրամը, մեղադրյալներից մեկը ասել է .« Վերցրու, շատ լինի, քիչ չլինի»:

Նույն վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո հայտնի դարձավ, որ նշել էր, թե մեղադրյալները նստել են իր  Opel Astra մակնիշի ավտոմեքենան, քանի որ վերջիններիս ավտոմեքենայի անվադողը «նստած» է եղել:

Վկա Ալեքսանդր Միրզոյանը, ով ընկերոջ հետ աշխատելիս է եղել ավտովերանորոգման կետում, դատարանում պատմեց, որ դեպքի օրը իրեն և իր ընկերոջը՝  գործով անցնող վկա Վահագն Մնացականյանին (վերջինս հարցաքննվել է նախորդ դատական նիստին), մոտեցել են երեք հոգի  և խնդրել հիվանդանոց տեղափոխել, իսկ Վահագնը համաձայնվել է օգնել երիտասարդներին: Հետագայում, որպես վկա հարցաքննվել է ԱԱԾ-ում:

Լիանա Մկրտչյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել