«Աղբահանության և սանիտարական մաքրման» մասին ՀՀ օրենքի համաձայն՝ աղբահանության վճարը սահմանվում է`
1) կենցաղային աղբի համար՝
ա. ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ առավելագույնը ամսական 400 դրամ, կամ
բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` առավելագույնը 25 դրամ.
2) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար՝
ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ առավելագույնը 3.000 դրամ, կամ
բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ առավելագույնը 10.000 դրամ:
Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով` վերը նշված օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում:
Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել տարբեր դրույքաչափեր: Ընդ որում, տարբեր դրույքաչափեր սահմանելիս կարող են հաշվի առնվել նաև անշարժ գույքի նպատակային կամ գործառնական նշանակությունը:
Աղբահանության վճարի վճարումը վերը նշված օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը, իսկ օրենքով նախատեսված դեպքում աղբահանության վճար հաշվարկողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0.15 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 180 օրվա համար:
«Աղբահանության և սանիտարական մաքրման» մասին ՀՀ օրենքով նախատեսված տույժերը հաշվարկվում և հաշվառվում (գանձվում) են աղբահանության վճարի վճարման ժամկետին հաջորդող ամսվա 1-ից:
Օպերատորը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` համայնքի բյուջե վճարելով տուգանք` չկատարված կամ ոչ պատշաճ կատարված աղբահանության յուրաքանչյուր դեպքի համար` 50․000 դրամի չափով, եթե օպերատորի և համայնքի միջև կնքված պայմանագրով ավելի մեծ տուգանք սահմանված չէ:
Տուգանքի վճարումն օպերատորին չի ազատում չկատարված կամ ոչ պատշաճ կատարված պարտավորության կատարումից: Օպերատորի պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը (մարմինը):
Վերը նշված օրենքով նախատեսված անձինք համայնքի ղեկավարի որոշմամբ կարող են զրկվել աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունից` աղբի հավաքմանը կամ փոխադրմանը ներկայացվող պահանջները մեկ տարվա ընթացքում 2 և ավելի անգամ խախտելու դեպքում: