Քենիայի Ազգային ոստիկանության ծառայողական հանձնաժողովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ 302 ոստիկան հեռացվել են աշխատանքից՝ ոստիկանության համակարգում սկսված հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում: Հանձնաժողովը նաև տեղեկացրել է, որ ազատված պաշտոնյաները, որոնց մեծ մասը ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ են, շուտով ոստիկանապետ Ժոզոֆ Բոինեթից կստանան աշխատանքից ազատման հրամանները։ Վերջինս նաև հանձնաժողովի անդամ է: Փոխանցում է The Washington Post-ը:
Բարեփոխումները նպատակ ունեն վերականգնել հանրային վստահությունը ոստիկանական համակարգի նկատմամաբ, քանի որ վերջինս բազմիցս ներգրավվել է կոռուպցիոն գործունեության և մարդու իրավունքների ոտնահարումների մեջ: Ոստիկանների նկատմամբ կոռուպցիոն հետաքննությունը երկրում մեկնարկած բարեփոխումների ծրագրի մաս է կազմում, որը կառավարությունը նախաձեռնել է 2010թ․-ի նոր սահմանադրության ընդունումից հետո: Սահմանադրության ընդունումն ու ոստիկանական համակարգում բարեփոխումների իրականացումը նպաստեց 2007թ-ի դեկտեմբերին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած բռնությունների ալիքի հանդարտեցմանը։ Այդ բռնությունների արդյունքում ավելի քան 1000 մարդ էր աոհվել: Քենիայի ոստիկանությունը մեղադրվում էր բռնությունների ժամանակ թշնամաբար տրամադրված տարբեր էթնիկ խմբավորումներին սատարելու մեջ:
Ըստ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդման ոստիկանական համակարգը ամենակոռումպացվածն է Քենիայում:
Մասնագետների հաղորդմամբ ոստիկանները երկրում շարժվում են իրենց սեփական օրենքներով՝ համակարգված և համատարած սպանություններ իրականացնելով: The Associated Press-ի կողմից անցյալ տարի իրականացված հետազոտության արդյունքում պարզվեց, որ շատ ոստիկաններ սովորական մարդասպանների են վերածվել՝ սպանելով ահաբեկչության մեջ կասկածվողների, քաղաքացիական անձանց և նույնիսկ երեխաների:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը