Փաստաբանների պալատի և Մարդու իրավունքների պաշտպանի համագործակցությունը եղել է լավ: Այսօր պալատում ասաց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը: Այս համագործակցությունն առավել արդյունավետ հիմքերի վրա դնելու համար այսօր պալատն ու Մարդու իրավունքների պաշտպանը համագործակցության հուշագիր ստորագրեցին:
Ստորագրման արարողությունից հետո Արա Զոհրաբյանը հիշեց, որ տարիներ առաջ փաստաբաններից մեկի նկատմամբ քրեական գործ հարուցվեց այն բանի համար, որ նա լքել էր դատարանի դահլիճը. «Նախկինում քրեական օրենսգրքում կար հոդված, որը նման հնարավորություն տալիս էր, այդ ժամանակ նախկին ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի միջոցով դիմեցինք Սահմանադրական դատարան և ՍԴ-ն այդ նորմը ճանաչեց հակասահմանադրական՝ այն պատճառաբանությամբ, որ այդ նորմի մեջ մեղադրողի անունը չկա գրված, գրված էր՝ վկան, պաշտպանը, տուժողը, եթե անհարգելի վերաբերմունք են դրսևորում դատարանի նկատմամբ, ենթարկվում են քրեական պատասխանատվության, հաշվի առելով այն, որ դատավարական մրցակիցները պետք է իրավահավասար լինեն, ՄԻՊ-ն հենց այն թեզի վրա էր շեշտադրումը կատարել, որ մեղադրողը այստեղ չկա»,- այս օրինակը պարոն Զոհրաբյանը նշեց որպես արդյունվետ համագործակցության փորձ՝ հավելելով, որ ներկայումս համագործակցության հուշագրի մեջ հատուկ շեշտվել է, որ ՓՊ խորհուրդը կարող է դիմել ՄԻՊ-ին կոնկրետ նորմի սահմանադրականության հարցով:
ՄԻ պաշտպան Արման Թաթոյանն էլ ասաց, որ համագործակցությունը բարձր որակի է. «Հիմա շատ ավելի հստակ սկզբունքներով համակարգված է լինելու մեր աշխատանքը»,- ընդգծեց օմբուդսմենը:
Հուշագրին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: