Զրոյից համակարգ ձևավորման ճանապարհին. խորհրդային տարիներին դատական իշխանությունը բացարձակ կախյալ և ձայնազուկ էր

Բարեփոխումների մեջ ներդրվող ընթացիկ ջանքերը հնարավորություն կընձեռեն մինչև 2020-21թթ. աստիճանաբար համապատասխանել արդարադատության ոլորտի միջազգային լավագույն չափանիշներին: «25 տարիների ընթացքում Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումներ» հետադարձ հայացք» համաժողովին ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանը:

Ըստ նրա՝ 25 տարվա ընթացքում խորհրդային տարիների բացարձակ կախյալ և ձայնազուկ դատական համակարգը շատ ձեռքբերումներ է ունեցել. «Խորհրդային տարիներին ունեինք բացարձակ կախյալ և ձայնազուրկ դատական համակարգ, խիստ ֆորմալ ընտրված դատավորներ, որոնք առաջնորդվում էին կուսակցական նոմենկլատուրայի ցուցումներով, մի համակարգ, որի խնդիրը, մեծ հաշվով, անձից պետության պաշտպանությունն էր: Մենք այս արժեհամակարգի փոխելու ուղղությամբ մինչ օրս էլ աշխատում ենք: Դժվարին ու երկար ճանապարհ ենք անցել  առ այսօր, սակայն պետք է գոհունակությամբ նշեմ, որ շատ բան արված է համակարգում և, միևնույն ժամանակ, շատ ու շատ անելիքներ դեռ ունենք առջևում»,- նշեց նախարարը:

Շուրջ 10 տարի է, ինչ Եվրոպական միությունը ակտիվ կերպով ներգրավված է Հայաստանում դատական համակարգի բարեփոխման գործընթացին: Համաժողովի մասնակիցներին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք տարբեր ծրագրեր ենք համաֆինանսավորել՝ 45 մլն եվրո չափով: Արդարադատությունը հաջող տրանսֆորմացիայի գրավականն է: Կենտրոնական Եվրոպայի ու Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրների բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ առանց արդյունավետ տրանսֆորմացիայի արդարադատության համակարգում հնարավոր չէ հաջող կերպով առաջ գնալ դեպի ավելի ազատական համակարգերի, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և մարդու իրավունքներ: Դուք չեք կարող արդյունավետ և օգտակար ժողովրդավարություն ունենալ, եթե ընտրակեղծարարության համար մարդիկ պատասխանատվության չեն կրում, եթե մարդիկ, որոնց իրավունքները խախտվել են, հնարավորություն չունեն արդյունավետ օգտվել արդարադատության համակարգից»,- ասաց ԵՄ դեսպանը:

Նա գտնում է, որ Հայաստանում հնարավոր չէ իրավունքի արդյունավետ գերակայություն ունենալ, եթե դատարանները ի զորու կոռուպցիայի դեմ պայքարել, երբ որոշ քաղաքացիները գտնում են, որ նրանք ավելի հավասար են, քան մյուսները:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքերով՝ դատական համակարգի կայացման համար կարևոր քայլ էր 1995թ.-ի Սահմանադրության ընդունումը, որը ամրագրեց իշխանությունների տարանջատման սկզբունքը և արդարադատության իրականացումը բացառապես դատարանների կողմից. «Ես ուզում եմ հատուկ նշել, որ մենք զրույից ձևավորել ենք նոր համակարգ»,- շեշտեց փոխնախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել