Օրենսդրական դաշտում հանրության արդյունավետ մասնակցությունը ապահովելու առաջին նախապայմանը իրազեկությունն է: «Առաջարկություններ. Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի նախագիծ» թեմայով աշխատաժողովի ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
«Մենք գիտենք, որ ՀՀ-ում շատ են դեպքերը, երբ այդ իրազեկումը չի իրականացվում կամ արվում է ոչ պատշաճ ձևով, ուստի հանրության մասնակցությունը հնարավոր չի լինում դարձնել արդյունավետ»,- ընդգեց նա:
Կարևորագույն խնդիրներից է նաև հանրային շահի սպասելիքների ուսումնասիրումն ու քննարկումը. «Մի շարք օրենքներ իրենցից չեն ներկայացնում հանրային շահն ու սպասելիքները, ուստի իրականում դրանք վերածվում են թղթի կտորի և որևէ առնչություն չունեն իրական կյանքի հետ»,- կարծում է բանախոսը:
Հարկավոր է նաև իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատում ու հավանական ռիսկերի վեր հանում, չեզոքացում իրականացնել, մեր իրականությունում այս դրույթը չի իրագործվում:
Մեր երկրում, Կարեն Զադոյանի խոսքերով, հանրային քննարկումների վերաբերյալ իրազեկման ինստիտուտի կայացումն ունի ցածր մակարդակ, բացի այդ, շատ քննարկումներ կրում են ձևական բնույթ: Բանախոսն ասաց. «Եթե քննարկումներին ներկա են միջազգային կազմակերպություններ, պետական մարմինները միայն այդ պատճառով են պարտավորված զգում մասնակցել դրանց»:
Միևնույն ժամանակ, ԻՀԱ-ի ղեկավարի խոսքերով` կան պետական մարմիններ, որոնք, կարելի է ասել, այդ քննարկումներն ավելի պրոֆեսիոնալ հենքերի վրա են դրել` դրանք դարձնելով մասնակցային. «Կարող եմ նշել Արդարադատության նախարարությունը, որ կայքէջում պարտադիր կերպով ունի հատուկ բաժին, որտեղ բոլոր նախագծերը տեղադրվում են, թարմացվում ու քննարկվում, կան նաև այլ գերատեսչություններ: Մենք պետք է կարողանանք այս ձևական քննարկումները փոխարինք ռեալ քննարկումներով, որովհետև դրանք կարևոր են մեր պետության համար»:
Հանրային քննարկումների տեսանկյունից բացակայում են նաև կառավարության և քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության կառուցակարգերը:
Այս բոլոր խնդիրները լուծելու համար, ըստ բանախոսի, հարկավոր է իրազեկության գործուն ու արդյունավետ համակարգեր, կառավարություն և ՔՀԿ-ներ համագործակցության կառուցակարգեր և աշխատանքային խմբեր ստեղծել, ինչպես նաև իրականացնել համակարգային փոփոխություններ պետական մարմիններում և ՏԻՄ-երում:
Նա նաև շեշտեց, որ հանրային քննարկումների արդյունավետության բարձրացման վրա մեծ ազդեցություն կունենա ինտերնետային հարթակի ձևավորումը, որտեղ բոլոր նախագծերը կներառվեն` անկախ հանգամանքից, թե ինչ վիճակում են:
Սեփական փորձը մեջբերելով` Կարեն Զադոյանը նշեց, որ արդյունավետ մոդել է, երբ քաղաքացիական հասարակությունը սկսում է աշխատել կառավարության հետ:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի խոսքերով` հանրային քննարկումները բացահայտում են նաև օրենսդիրի կամքը: Նա օրինակ բերեց Պետական տուրքի մասին օրենքը, որն, ըստ նրա, ավելի քան 160 անգամ ենթարկվել է փոփոխության. «Ընդամենը մեկ կամ երկու անձի զգացական կամ քմահաճույքի հիման վրա կատարվում է փոփոխությունը, այստեղ հանրությունը որևէ ձևով մասնակցություն չի ունեցել: Չափազանց կարևոր է հանրային քննարկումները»:
Գ.Թ.
Իրավաբան.net