ԵՄ-ն միլիոնավոր եվրոներ է ներդնում. նպատակը՝ բարելավել աշխատաշուկան ու երիտասարդների հնարավորությունները

Հայաստանի 17 քոլեջներ վերանորոգվել, նորարարացվել ու ապահովվել են համապատասխան սարքավորումներով Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

2006թ.-ից մեկնարկած այս գործընթացն ապահովել է նախնական և միջին մասնագիտական կրթության հասանելիություն 9000 ուսանողի համար:

Այս ուսումնական հաստատությունների շարքին է դասվում նաև Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջը: Այսօր՝ մայիսի 17-ին քոլեջում տեղի ունեցավ բաց դռների օր, որին ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպմանը նա ասաց, որ սա առաջին քոլեջն էր, որ ժամանելով Հայաստան՝ որպես ԵՄ դեսպան, նա այցելեց. «Ես ես շատ ուրախ եմ, որ ԵՄ-ն համագործակցում է ՀՀ իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ օգնելու ՀՀ-ում մասնագիտական կրթության զարգացմանը: 10 տարուց ավելի է, որ մենք աջակցություն ենք ցուցաբերում միջին մասնագիտական կրթական հաստատություններին՝ ներդնելով միլիոնավոր եվրոներ՝ զարգացնելու կառավարումը, բարելավենք դասախոսների պատրաստվածությունը, բայց ամենակարևորը, որ մենք օգնում ենք հիմնանորոգել և վերասարքավորել այս շինությունները: Մեր նոր իրականացվող ծրագրում, որը կոչվում է «Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատատեղերի համար», մենք նախատեսում ենք նաև աշխատանքի ապահովման բաղադրիչը»,- նշեց պարոն դեսպանը:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, ինչպես նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Աշոտ Արշակյանը ասաց, որ վերջին տարիների ընթացքում այս ոլորտում իրականացվել են մի շարք բարեփոխումներ. «Բարեփոխումների ընթացքում մեր համակարգը ստացել է աջակցություն ինչպես պետական բյուջեից, այնպես էլ միջազգային դոնոր կազմակերպություններից, եթե խոսում ենք դոնոր կազմակերպությունների մասին, ապա հատուկ պետք է հիշատակենք ԵՄ-ի մասին, որը երկար տարիներ սերտորեն համագործակցում է ՀՀ ԿԳՆ-ի հետ»,- նշեց պարոն Արշակյանը:

ԵՄ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ այդ քոլեջում երիտասարդները կարողանում են կյանքի կոչել սեփական նախաձեռնությունները և կատարելագործել հմտությունները:

Քոլեջի սան Արգիշտ Պետրոսյանը տնային պայմաններում խաղողի գինի է պատրաստել. «Ես նպատակ ունեմ գինեգործ դառնալ, իմ պատրաստած գինիներից ամենաշատը սիրում եմ սպիտակ գինի»,- ասաց երիտասարդը:

Իսկ ԵՄ դեսպանի դուրը եկել էր կարմիր գինին: Նա պտտվեց այստեղ ներկայացված տաղավարներով, ծանոթացավ Հայաստանի մի քանի քոլեջների սաների կատարած աշխատանքին և վերջում մոտեցավ հենց Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տաղավարին, որտեղ դեսպանին հյուրասիրեցին քոլեջի սաների պատրաստած գինիով. «Խաղաղության և Հայաստանի համար»,- բաժակ բարձրացրեց դեսպանը և համտեսեց խմիչքը:

Նշենք նաև, որ 2006թ.-ին՝ Հայաստանի՝ Եվրոպական հարևանության քաղաքականությանը միանալուց հետո, ԵՄ-ն նախատեսել է ՄԿՈՒ բարեփոխումների իրականացման համար ընդհանուր 30 մլն եվրո հատկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ որպես բյուջետային աջակցություն: Այժմ 17 հայկական քոլեջներ կարող են առաջարկել դասավանդման և կառավարման նոր մեթոդներ, և երկու քոլեջ հասանելի է դարձել հատուկ կարիքներ ունեցող ուսանողների համար:

Առաջիկայում ԵՄ-ն կմեկնարկի նոր բյուջետային աջակցություն, որի շրջանակում «Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատատեղերի համար» ծրագրով կհատկացվի 15 միլիոն եվրո` Հայաստանի երիտասարդներին կրթական և աշխատանքի տեղավորման նոր հնարավորություններ տալու համար: Բարեփոխումների նախագծի նպատակն է բարելավել աշխատաշուկան ու երիտասարդների հնարավորությունները` որոշակի շեշտ դնելով գյուղատնտեսական զբաղվածության վրա:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել