Ինչպիսին է զինծառայողի արտասահմանում բուժվելու նոր կարգը

2016 թվականի մայիսի 5–ից ուժի մեջ է մտել 2016 թվականի ապրիլի 21–ին ՀՀ կառավարության կողմից ընդունված թիվ 410–Ն որոշումը Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողների բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին։

Իրավական ակտով նախատեսված` օտարերկրյա պետություն զինծառայողին բուժման (հետազոտության) ուղարկելու գործընթացն իրականացվում է համապատասխան պետական մարմնի նախաձեռնությամբ կամ զինծառայողի, կամ նրա ծնողի, կամ ամուսնու, կամ զավակի, կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված անձի (այսուհետ` դիմումատու)` համապատասխան պետական մարմնի ղեկավարին ներկայացրած դիմումի հիման վրա:

Զինծառայողը կամ նրա ծնողը, կամ ամուսինը, կամ զավակը, կամ դիմումատուն դիմումի հետ միասին ներկայացնում են`

1) զինծառայողի վնասվածքի, խեղման կամ դրանց հետևանքով ծագած հիվանդության վերաբերյալ բժշկական փաստաթղթերը (եթե դրանք առկա են), որոնք նախատեսված են սույն իրավական ակտի 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով.

2) օտարերկրյա պետություն զինծառայողին բուժման (հետազոտության) ուղարկելու դեպքում նրան ուղեկցող անձի վերաբերյալ տվյալները.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում բացված բանկային հաշվի համարը:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության և զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով համապատասխան պետական մարմնի բժշկական կամ ռազմաբժշկական ստորաբաժանումը  դիմումի հետ միասին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 410-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան ստեղծված հանձնաժողովին (այսուհետ` հանձնաժողով) ներկայացնում է`

1) զինծառայողի հիվանդության բուժման (հետազոտության) ընթացքի, զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը.

2) համապատասխան պետական մարմնի իրավասու ստորաբաժանումից ստացված գրավոր տեղեկատվություն այն փաստի մասին, որ զինծառայողը վնասվածքը (հիվանդությունը) ստացել է մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս, և այն զինծառայողի կողմից դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք չէ.

3) օտարերկրյա պետության բժշկական կազմակերպությունից էլեկտրոնային կամ այլ եղանակով ստացված գրավոր տեղեկատվությունը զինծառայողի բուժման (հետազոտության) ձևերի, ժամկետների և բուժման (հետազոտության) համար անհրաժեշտ ծախսերի մասին:

8. Հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման (հետազոտության) անհնարինության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալու համար կարող է`

1) ներգրավել համապատասխան նեղ մասնագիտացմամբ բժիշկների` զինծառայողի վնասվածքի (հիվանդության) բնույթից ելնելով.

2) կազմակերպել լրացուցիչ հետազոտություն կամ բժշկական փորձաքննություն` զինծառայողի վնասվածքի (հիվանդության) մասին առավել մանրամասն կամ լիարժեք տեղեկատվություն ստանալու համար.

3) համագործակցել օտարերկրյա պետությունների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ու բժիշկ-մասնագետների հետ` մասնագիտական խորհրդատվություններ ստանալու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ զինծառայողին բուժման ուղարկելու համար:

Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը:

IRAVABAN.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել