80-ամյա Միշա Պետրոսյանի գործին Իրավաբան.net-ն ավելի վաղ անդրադարձել էր: Մաքսային մարմնի արգելանքի տակ են գտնվում ծերունու անձնական օգտագործման իրերը (այդ թվում նրա առողջության պահպանման համար կարևոր իրեր), որոնք նա տեղափոխել է Ռուսաստանից: Մաքսային մարմինը պահանջում է վճարել շուրջ 500 հազար դրամ մաքսատուրք, իսկ Միշա Պետրոսյանը, հղում անելով ԵՏՄ համաձայնագրերին, պնդում է, որ այդ իրերի դեպքում ինքն ազատված է մաքսատուրքերից:
80-ամյա Միշա Պետրոսյանը դիմել է վարչական դատարան և առաջին ատյանում նրա հայցը բավարարվել է: Սակայն ֆինանսների նախարարությունը (ներկայումս արդեն Պետական եկամուտների կոմիտեն) բողոքարկել է առաջին ատյանի վճիռը՝ վերադասության կարգով:
Իսկ այսօր վերաքննիչ վարչական դատարանը բավարարեց պետեկամուտների կոմիտեի բողոքը: Այսինքն՝ 80-ամյա ծերունու անձնական իրերը կշարունեկն մնալ արգելանքի տակ:
Սակայն, հատկանշանակն է, որ առաջին ատյանի դատարանը կարևորել է հայցվորի տարիքն ու արգելանքի տակ գտնվող գույքի տիպը. «Հաշվի առնելով Հայցվորի տարիքը՝ ծնված 1936 թվականին և վերջինիս հայտարարությունը, որ իր անձնական օգտագործման գույքի մեջ գտնվում են իր առողջության պահպանման և վերականգնման համար անհրաժեշտ իրեր, որոնցից օգտվելու անհնարինությունը բացասաբար է անդրադառնում Հայցվորի առողջության վրա՝ Դատարանը գտնում է, որ սույն դատական ակտը պետք է օրինական ուժի մեջ մտնի հրապարակման պահից՝ սահմանելով, որ այն կարող է բողոքարկվել հրապարկման պահից մեկամսյա ժամկետում»:
Եվ հաշվի առնելով առաջին ատյանի վճիռի այն ձևակերպումը, որ դատական ակտը պետք է օրինական ուժի մեջ մտնի հրապարակման պահից, հայցվոր կողմը դիմել է ԴԱՀԿ ծառայությանը: Սակայն պետական եկամուտների կոմիտեն հրաժարվել է կատարել դատական ակտը, ԴԱՀԿ ծառայությունը դիմել է դատարան և ներկայումս կա դատական ակտ՝ վարչական դատարանի ընդունած վճիռը կատարելու վերաբերյալ:
Այսօր վարչական վերաքննիչ ատյանի կողմից հրապարակված որոշումը Միշա Պետրոսյանը բողոքարկելու վճռաբեկության կարգով: Եվ պատրաստվում է դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան. մաքսային մարմնի այս գործելակերպի հետևանքով տուժում է իր առողջությունը: