Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն արդարացրել է դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելու մեջ մեղադրվող Հակոբ Հակոբյանին:
Արեգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Ամիրյան փողոցում երկու խանութների միջև ընկած հատվածում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է Հակոբ Հակոբյանի հետ, որի ընթացքում բռունցքներով և իր մոտ օրինական կարգով գտնվող «Վոլտրան» տեսակի գազային ատրճանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել է թեթև վնաս:
Հակոբ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանել է Արեգ Պետրոսյանի հետ, որի ընթացքում բռունցքով մի քանի անգամ հարվածել է վերջինիս դեմքին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել է թեթև վնաս:
Հակոբ Հակոբյանի պաշտպանը՝ Սիրանուշ Հարությունյանը, Իրավաբան.net-ին փոխանցեց, որ Արեգը ատրճանակի խզակոթով հարվածել է Հակոբի գլխին. «Հետո նաև կրակել է վրան, իմ պաշտպանյալը տեսնելով, որ հարվածը ատրճանակով է եղել, դիմել է պաշտպանակական գործողությունների, վնասազերծել է Արեգին, մինչև ոստիկանները չեն եկել»:
Մեղադրող դատախազը մեղադրանքը հիմնավոր է համարել ու միջնորդել է Հակոբ Հակոբյանին դատապարտել տուգանքի 100 հազար դրամի չափով, իսկ Արեգ Պետրոսյանին՝ 150 հազար դրամով:
Դատարանը վճռել է Հակոբ Հակոբյանին արդարացնել ու ճանաչել անպարտ, իսկ Արեգ Պետրոսյանին դատապարտել 100 հազար դրամ տուգանքի:
Իրավաբան.net