Ի՞նչ է ներառվում անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում

Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրենց առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկին (այսուհետ` ԱԱՊ բժշկին) ընտրած բնակչությանը տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է.

1) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը (ներառյալ լաբորատոր-գործիքային հետազոտությունները բնակչության բոլոր խմբերի համար): Այն է`

ա. առողջության առաջնային պահպանման ծառայությունները (տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի կողմից).

բ. ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային և նեղ մասնագետների կողմից իրականացվող բժշկական օգնությունը` առողջության առաջնային պահպանման գործառույթ իրականացնող բժշկի ուղեգրմամբ.

գ. միևնույն բժշկական կազմակերպության ներսում, նեղ մասնագիտական խորհրդատվության ուղեգրումը կարող է իրականացվել նաև ամբուլատոր բժշկական քարտով` վերջինում կատարելով համապատասխան գրանցում (նշանակում), որը հիմք է հանդիսանում պետական պատվերի շրջանակներում նեղ մասնագիտական խորհրդատվության և բուժման համար,

2) տնային կանչերի իրականացումը` համաձայն սույն չափորոշչի Հավելված N 4-ով հաստատված «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից 18 տարեկանից բարձր բնակչության համար տնային կանչերի ընդունման, այցերի կազմակերպման և իրականացման կարգի»,

3) անհետաձգելի ամբուլատոր բժշկական օգնությունն ամբողջ բնակչության համար` տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի և նեղ մասնագետների կողմից, բժշկական ցուցումների առկայության դեպքում,

4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության կազմակերպումը և ամբուլատոր բուժումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 748-Ն որոշման,

5) տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետի նշանակմամբ, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովումը,

6) հանրակրթական (պետական) դպրոցների և նախադպրոցական (պետական) ուսումնական հաստատությունների մանկավարժների, դաստիարակների և դայակների առողջական վիճակի պարբերական բժշկական քննությունները,

7) եթե բնակչի կողմից ԱԱՊ բժշկի ընտրություն չի կատարվել, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն կատարած առաջին իսկ այցի ժամանակ կարող է կատարել ԱԱՊ բժշկի ընտրություն և գրանցվել վերջինի մոտ, ակնկալելով պետության կողմից սահմանված հիմնական ծառայությունների փաթեթի ողջ ծավալը,

8) վարորդի թեկնածուների, վարորդական վկայական ունեցող անձանց բժշկական հավատարմագրումը ճանապարհային ոստիկանության գրավոր պահանջագրերի հիման վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքի ձևը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 581-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1327-Ն որոշման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել