Այսօր կառավարության նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը: Այնուհետև վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին զեկուցել իրավիճակի մասին:
«Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները աննախադեպ էին ոչ միայն 1994 թվականի զինադադարից հետո, այլ արցախյան առաջին պատերազմից սկսած, հաշվի առնելով մի քանի հանգամանքներ»,- իր խոսքը սկսեց պաշտպանության նախարարը: Նա հայտնեց, որ այս գործողություններն աննախադեպ էին իրենց շփման գծի ողջ երկայնքով կիրառվող խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայի տեսակներով, ներգրավված ուժերի և միջոցների քանակի, ժամանակային համեմատության մեջ կորուստների մեծ քանակով (ընդ որում Ադրբեջանի կորուստների քանակը, համեմատած ՊԲ կորուստների հետ, շուրջ տասն անգամից ավելի էին), վարձկանների, ահաբեկիչների առկայությամբ և այլն:
«Աննախադեպ էր նաև իրավական տեսնակյունից Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ակնհայտ բնույթը, որովհետև եթե նույնիսկ նրանք ասում են, որ պատասխանել են մեր գործողություններին, ապա այդ լայնամասշտաբ բնույթի գործողությունները թույլ են տալիս ասելու, որ դրանք նախօրոք կազմակերպված և ոչ համաչափ գործողություններ էին», – նախարարի խոսքով աննախադեպ է եղել Ադրբեջանի զինծառայողների դիակների և ոչնչացված տեխնիկայի առկայությունը ԼՂՀ տարածքում, աննախադեպ էին ակնհայտ ռազմական հանցագործությունների առկայությունը՝ խոշտանգումներ, գլխատումներ և սանձազերծած գործողությունների լայնամասշտաբ լինելը:
Նախարարը նշեց նաև, որ Ադրբեջանի կողմից ներկայացված այն տեղեկությունները, թե մի քանի բնակավայր իրենց մոտ են գտնվում, ճիշտ չեն: Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂ պաշտպանության խորքում: Մարտավարական առումով հարավում, կենտրոնում և հյուսիսում ավելի լայնամասշտաբ իրականացված թեժ կետերում վերահսկողությունը, նախաձեռնությունը և կրակային խոցման հնարավորությունը գտնվում են ՊԲ համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
«Այս առումով մենք պետք է գլուխ խոնարհենք մեր զինվորների, մեր հրամանատարների և կամավորների առջև, որոնց գործողությունների շնորհիվ մենք կարողացանք Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները ետ մղել»: