Ինչպե՞ս է ապահովվում զինծառայողների բժշակական սպասարկումն ըստ օրենքի

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացվում է օտարերկրյա պետությունում: Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է: Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում են նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում:

Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք:

Առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաև բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են համապատասխան մարմինների` այդ նպատակով հատկացրած միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել