Հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի (այսուհետ` անշարժ գույք) օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանն իր անունից կատարել գործողություններ` առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության (այսուհետ` առանց օրինական հիմքերի) անշարժ գույքի տարածք մուտք գործելը (այսուհետ` ներխուժում) կանխելու կամ վերացնելու համար:
Հարկ է նշել, որ անշարժ գույքի օրինական տիրապետող է հանդիսանում այն անձը, որը պայմանագրով կամ օրենքով սահմանված կարգով իրավունք ունի տիրապետելու կամ տնօրինելու կամ օգտագործելու կամ կառավարելու անշարժ գույքը, այդ թվում` անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (վարձակալ, անհատույց օգտագործող, կառուցապատման իրավունք ունեցող) կամ հավատարմագրային կառավարիչը, ինչպես նաև նրանց օրինական ներկայացուցիչները: Անշարժ գույքի օրինական տիրապետման իրավունքը կարող է հավաստվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված համապատասխան իրավունքի վկայականով կամ դրան օրենքով և այլ իրավական ակտերով հավասարեցված այլ վկայականներով:
Անշարժ գույքի օրինական տիրապետողը ներխուժումը կանխելու կամ վերացնելու համար ոստիկանությանը կարող է դիմել հեռախոսով կամ այլ միջոցներով` ոստիկանությանը համապատասխան անշարժ գույքի տարածք հրավիրելու կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում անձամբ ներկայանալու միջոցով: Ոստիկանությունը պարտավոր է անշարժ գույքի օրինական տիրապետողի դիմումը (հաղորդումը) ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում ներկայանալ համապատասխան անշարժ գույքի տարածքը, եթե անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից գրավոր չեն նշվել անշարժ գույքի տարածք ներկայանալու ավելի ուշ ժամկետներ:
Ոստիկանությունն անշարժ գույքի տարածք ներկայանալով ստուգում է դիմող անձի ինքնությունը, անշարժ գույքի նկատմամբ նրա օրինական տիրապետումը հավաստող փաստաթղթերը, որից հետո պարզում է անշարժ գույքի տարածքում գտնվող կամ տարածք մուտք գործել ցանկացող անձի ինքնությունը և նրա կողմից անշարժ գույքի տարածքում մուտք գործելու կամ գտնվելու հիմքերը կամ պատճառները:
Պետք է իմանալ, որ ազգակցական, բարեկամական կապերը կամ տվյալ անշարժ գույքի տարածքում հաշվառված լինելու հանգամանքն ինքնին անձին իրավունք չի վերապահում առանց տիրապետողի համաձայնության մուտք գործել կամ գտնվել անշարժ գույքի տարածքում:
Եթե ոստիկանը պարզում է, որ անձը գտնվում է անշարժ գույքի տարածքում` առանց օրինական հիմքերի, կամ այդ անձը հրաժարվում է ներկայացնել իր ինքնությունը կամ անշարժ գույքի տարածքում գտնվելու օրինականությունը հավաստող փաստաթղթեր, կամ կողմերի միջև վեճի հիմքում ընկած է գործողությունը դադարած պայմանագիր, ապա ոստիկանը ներխուժողին բանավոր առաջարկում է մուտք չգործել կամ անհապաղ դուրս գալ անշարժ գույքի տարածքից` դրա համար նրան տալով ողջամիտ ժամկետ:
Եթե ներխուժած անձը հրաժարվում է ոստիկանի բանավոր պահանջով դուրս գալ ներխուժած տարածքից կամ չի հրաժարվում անշարժ գույքի տարածք մտնելու իր մտադրությունից, ապա ոստիկանն առաջարկում է անշարժ գույքի օրինական տիրապետողին անշարժ գույքի տարածք ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով իրեն ներկայացնել գրավոր լիազորագիր՝ տալով նրան սույն կարգի ու պայմանների ձևում նշված լիազորագրի ձևաթուղթը:
Անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից լիազորագիրն ստանալուց հետո ոստիկանը ևս մեկ անգամ պահանջում է ներխուժողից դուրս գալ անշարժ գույքի տարածքից կամ չիրականացնել ներխուժում` նշելով, որ իր օրինական պահանջի չկատարումը կդիտվի որպես հաuարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոuտիկանության ծառայողի oրինական պահանջին չարամտորեն չենթարկում և կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: Եթե այս դեպքում ևս ներխուժողը հրաժարվում է կատարել ոստիկանի պահանջը, ապա ոստիկանն իրավունք ունի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով գործադրելու օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցներ: