ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 33-ամյա երիտասարդի սպանության մեխանիզմը, շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը։ Բացի այդ, քննությամբ բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս։
ՔԿ-ից հաղորդում են, որ Նորամարգում փետրվարի 22-ին հայտնաբերվել է Ջրաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Գ.Արզունյանի այրված դին, ում անհետ կորելու վերաբերյալ ահազանգ էր ստացվել օրեր առաջ։
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), մշակվել քննչական պլան, վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են բազմածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողը համագյուղացի երիտասարդի հետ 2016թ. փետրվարի 11-ին այցելել է Արարատի մարզի 46-ամյա մի բնակչի։ Միասին հաց են կերել, օղի խմել, որի ընթացքում առաջացել է վիճաբանություն՝ հայհոյելու պատճառով։
Նախնական քննության տվյալներով՝ վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդը վառարանի մոտ դրված փայտով հարվածել է Գ.Արզունյանի գլխին և սպանել, ապա ջրաշենցի մյուս երիտասարդի հետ դիակը փաթաթել են գորգով, իր ավտոմեքենայով տեղափոխել Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող ջրատարի մոտ և այրել:
Օրենքով սահմանված կարգով՝ հիշյալ անձանց բնակարաններում, ինչպես նաև 46-ամյա տղամարդու ավտոմեքենայում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում վերջինիս տանը հայտնաբերվել են արնանման հետքեր պարունակող հագուստներ, արնանման հետք է հայտնաբերվել նաև տան միջանցքի պատի վրա, վերցվել են փորձանմուշներ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Կատարված քննությամբ պարզվել են սպանությունից հետո Ա.Արզունյանի դին Նորամարգ տեղափոխելու հանգամանքները, կատարված հանցագործության հետքերը թաքցնելու ուղղությամբ իրականացված քայլերը։ Բացի այդ, խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են գողության դեպքի առթիվ քննվող մեկ այլ քրեական գործով տուժողին պատկանող բազմաթիվ անձնական իրեր, անշարժ գույքի գողացված վկայականներ, ինչպես նաև՝ դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը փաթեթավորվել է և ուղարկվել դատաքիմիական փորձաքննության։ 46-ամյա տղամարդու խոստովանական ցուցմունքի համաձայն՝ նախորդ 6 ամիսների ընթացքում բազմիցս թմրամիջոց է իրացրել 12 անձի։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր, այդ թվում՝ մեղադրյալների կողմից տրված ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: