Գույքահարկից ազատվում են`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` գծային ինժեներատրանսպորտային շինությունները, եթե դրանցից օգտվելու համար վճար չի գանձվում.
2) ջրամբարները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկվող օբյեկտ համարվող շինությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկին համապատասխան, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող՝ մինչև 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան՝ կրոնական, պաշտամունքային շենքերն ու շինությունները: Կրոնական կազմակերպություններն ազատվում են նաև իրենց սեփականության իրավունքով պատկանող՝ սույն կետում նշված շենքերի և շինությունների համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից: Կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի և շինությունների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:
Գույքահարկից ազատվում են նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3.1) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազատվում է նաև իրեն սեփականության իրավունքով պատկանող` սույն մասի 3-րդ կետում նշված շենքերի և շինությունների համար 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի և շինությունների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ ընտանիքի անդամներին) պատկանող գույքը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը.
5) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով: Հաշմանդամներին սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված ավտոմեքենաների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ.
6) փոստային կապի ազգային օպերատորը.
7) ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող ազատ տնտեսական գոտու շահագործողներին պատկանող կամ նրանց կողմից օգտագործվող հասարակական և արտադրական նշանակության շենքերը և շինությունները: