Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, արդարացրել է 30-ամյա Արթուր Հակոբյանին, ով մեղադրվում էր փողերի կեղծման մեղադրանքով:
Համաձայն մեղադրական եզրակացության, Արթուր Հակոբյանը 2009թ. փետրվարի 14-ին ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի իրենց տան մոտ, իրացման վերաբերյալ նախնական համաձայնության գալով իր հարևան Էիրկ Բաբայանի հետ, վերջինիս իրացման նպատակով տվել է իր համար ակնհայտ կեղծ 43 հատ 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով Թ03614923 միևնույն համարի թղթադրամներ` իրացումից հետո Էրիկ Բաբայանին 10.000 ՀՀ դրամ տալու պայմանով: Նույն օրը Էրիկ Բաբայանի կողմից կողծ փողերի մի մասի իրացումից հետո վերջինիցս ստացել է արդեն փոխանակված 10.000 ՀՀ դրամ:
Արթուր շահերի պաշտպան, փաստաբան Գեորգի Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Կենտրոնի դատարանը, նախագահությամբ դատավոր Բեկթաշյանի, արդարացրեց իմ պաշտպանյալ Արթուր Հակոբյանին՝ մեղադրվող 202 հոդվածի 2 մասի 2 կետով: Դատախազը պահանջել էր 6 տարի ազատազրկում: Փաստորեն արդարադատությունը հիվանդանում է բայց չի մեռնում պարոն Բեկթաշյանի նման դատավորների շնորհիվ»: