Խորհրդային տարիներից մնացած գույք, հնամաշ աթոռներ ու սեղանները, անբարենպաստ պայմաններ կողմերի աշխատանքի համար. սա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վիճակն է, իսկ աշխատակազմի, մասնավորապես դատավորների պարագայում պատկերն այլ է: Այս դատարանում կան մի քանի հարուստ դատավորներ, անդրադարձել ենք նրանցից ամենահարուստ երեքի եկամուտներին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Յուրի Բաղդասարյանը 2011թ.-ին ունեցել է 110 հազար ԱՄՆ դոլար, հաջորդ տարի նրա դրամական միջոցները շատացել են՝ հօգուտ 25 հազար ԱՄՆ դոլարի փոխառության՝ հասնելով 145 հազար ԱՄՆ դոլարի, աշխատավարձը տարվա կտրվածքով 6,3 մլն ՀՀ դրամ էր:
2013թ.-ին կտրուկ ընկել են, այսպես՝ տարվա սկզբում կազմում էին 110 հազար ԱՄՆ դոլար, իսկ վերջում ընդամենը 5 հազար ԱՄՆ դոլար, ընդ որում՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում որևէ գործարքի, գնման մասին խոսք չկա, գումարները անհետացել են, թե ինչպես ու ուր, նշված չի:
2015թ.-ին այս դատավորը ստացել է 1,3 մլն ՀՀ դրամ փոխառություն, դրամական միջոցները՝ 8 հազար ԱՄՆ դոլար: Նրա ամուսինը հայտարարագրել է 17 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Ստացվում է դատավորն ու նրա կինն ունեն 12 մլն ՀՀ դրամ, մինչդեռ 2011թ.-ին նրանք տիրապետում էին 71 մլն ՀՀ դրամի:
Հարուստ է այս դատարանից Էդգար Սեդրակյանը: 2011թ.-ին նրա տարեկան աշխատավարձը կազմել է ընդամենը 2,9 մլն դրամ, իսկ այ դրամական միջոցներում զրոները շատ են, նա տիրապետել է 30 մլն ՀՀ դրամի, 93 հազար ԱՄՆ դոլարի և 21 հազար եվրոյի:
2013թ.-ին այս դատավորը 57 մլն ՀՀ դրամով բնակարան է ձեռք բերել, 2014թ.-ին նրա դրամական միջոցները կազմել են 19,5 մլն ՀՀ դրամ, 89 հազար ԱՄՆ դոլար և 20 հազար եվրո:
Հարուստ է նաև նրա կինը՝ Լեյլա Խեչումյանը, ում դրամական միջոցները 2014թ.-ի վերջում կազմել են 4,5 մլն ՀՀ դրամ, 9500 եվրո և 15 հազար ԱՄՆ դոլար: Այսպիսով դրամով՝ դատավորն ու նրա կինն ունեն 91 մլն ՀՀ դրամ միջոցներ:
Վարդան Պետրոսյանի գործից հայտնի դատավոր Վաղինակ Մկրտչյանը հայտնի է նաև իր եկամուտներով:
Նա պաշտոնը ստանձնել է 2013թ.-ին, հայտարարագրից տեղեկանում ենք, որ պարոն Մկրտչյանն ունի 35 մլն ՀՀ դրամ, 15 հազար ԱՄՆ դոլար և 20 հազար եվրո: Եթե դրամով հաշվենք, ապա նա ունի շուրջ 53 մլն դրամական միջոցներ:
Դատավորից հարուստ է նրա կինը՝ Գայանե Խաչատրյանը, ով 2012թ.-ի հարկային տարվա սկզբում ուներ 45 մլն ՀՀ դրամ, 85 հազար ԱՄՆ դոլար և 45 հազար եվրո, իսկ վերջում՝ զրոյական էին բոլոր միջոցները (միգուցե տեխնիկական սխալ է): Հաջորդ տարիներին տիկնոջ դրամական միջոցները հասնում են նույն կետին, իսկ 2014թ. վերջում կազմում են 43 մլն ՀՀ դրամ, 85 հազար ԱՄՆ դոլար և 45 հազար եվրո:
Տվյալ դեպքում, կարծես թե, զավեշտալի է փորձել գտնել հարցի պատասխանը, թե ով է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ամենահարուստ դատավորը, քանի որ այս դատարանի պաշտոնյաներից ամենահարուստը դատավորի կին է: Գայանե Խաչատրյանի դրամական միջոցները կազմում են շուրջ 110 մլն ՀՀ դրամ, այսինքն՝ երկու անգամ ավելի քան ամուսնունը, իսկ նրա և Վաղինակ Մկրտչյանի դրամական միջոցները միասին՝ 163 մլն ՀՀ դրամ են կազմում:
Նշենք նաև, որ միլիոնատեր այս դատավորն աշխատում է Աբովյանում, դատարանը անմխիթար վիճակում է:
Կարդացեք նաև՝
Թանկարժեք արդարադատություն. ո՞վ է Երևանի ամենահարուստ դատավորը
Ո՞վ է ամենաշատ նվիրատվություն ստացող դատավորը և որքա՞ն է կազմել ամեացածր նվիրատվությունը
Գևորգ Թոսունյան