2016 թվականի հունվարի 26–ին ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրել է ՍԴՈ–1252 նոր որոշումը ՀՀ քրեական օրենսգրքի 244–րդ հոդվածը ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող` Սահմանադրական դատարանի որոշման մեջ տրված արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակում։
ՀՀ քրեական օրենսգրքի 244–րդ հոդվածի համաձայն սահմանված է. «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից՝ սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետեւանքների առաջացման դեպքում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
Ըստ դատարանի` ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը չթողնելու իրավական պահանջ սահմանելը նպատակաուղղված է տուժողների իրավունքների պաշտպանությանը եւ պայմանավորված է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով նախատեսված տրանսպորտային միջոցի վարորդի պարտականությունների կատարման անհրաժեշտությամբ:
ՀՀ սահմանադրական դատարանն այդ որոշմամբ հարկ է համարել նաև նշել, որ այդ գործով վիճարկվող իրավակարգավորման վերաբերյալ իրավական դիրքորոշում է արտահայտվել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի (ԵԱՆԴ/0122/01/12) որոշմամբ: Հիշյալ որոշման, մասնավորապես, 18-րդ կետում ՀՀ վճռաբեկ դատարանը նշում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածը նպատակ է հետապնդում պատժել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում թույլ տված այն անձանց, ովքեր, թողնելով դեպքի վայրը, խուսափել են ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժած անձանց օգնություն ցուցաբերելուց, չեն ցանկացել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին եւ աջակցել կատարված արարքի, դրա հետեւանքների հետ կապված հանգամանքների բացահայտմանը»: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակցություն ունենալու դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի համար կատարված արարքի, դրա հետեւանքների հետ կապված հանգամանքների բացահայտմանն աջակցելու պարտականություն եւ այն չկատարելու համար պատասխանատվություն օրենքով սահմանված չեն: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` հանցագործության բացահայտմանն աջակցելը համարվում է որպես պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք: Հետեւաբար, իրավակիրառական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ բացառի օրենսդրական կանոնակարգումից դուրս անձի վրա պարտականություն եւ որպես հետեւանք` այն չկատարելու համար քրեական պատասխանատվություն նախատեսելը:
Վերոհիշյալի վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ գործով վիճարկվող հոդվածով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվություն նախատեսելը պայմանավորված է ճանապարհային երթեւեկության մասնակիցների, մասնավորապես, տուժած անձանց շահերի պաշտպանության, ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի պարտականությունների կատարման ապահովման անհրաժեշտությամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող հոդվածով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվություն սահմանելով` պետությունն իրացնում է, մասնավորապես, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության իր սահմանադրական պարտականությունը:
Որոշմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։