Ապահովագրական ընկերությունների և վարորդների վեճերը տարաբնույթ են: Նշում է փաստաբան Լուսինե Վիրաբյանը: Նրա փոխանցմամբ հաճախ ապահովագրական ընկերությունները դիմում են զանազան եղանակներին, անգամ ապսուրդային մեթոդներին՝ վթարի ենթարկված վարորդներին չփոխհատուցելու համար: Ապահովագրական ընկերությունների հետ առկա խնդրի, ծանուցումների և խցանումների նվազեցման եղանակների մասին է փաստաբանի հետ հարցազրույցը:
– Ի՞նչ խնդիրների են բախվում վարորդներն ապահովագրական ընկերությունների հետ վեճերի ժամանակ:
– Վերջերս հաճախակի են դարձել դեպքերը, երբ ապահովագրական ընկերությունները վարորդներից փոխհատուցման գումարը ետ են պահանջում՝ շեշտելով, որ վարորդը անհապաղ չի դիմել իրենց: Այսինքն՝ վթարը տեղի ունենալուց հետո դիմել է 45 րոպե հետո, ոչ թե կես ժամ անց: Նման դեպքերում գործ ունենք երկու եզրույթի հետ՝ «անհապաղ» և «առաջին իսկ հնարավորության պահին», որը սահմանվում է թե՛ համապատասխան ապահովագրական վկայագրով, թե՛ քաղաքացիական օրենսգրքով և թե՛ ներքին իրավական ակտերով: Ի՞նչ է նշանակում անհապաղ ու ի՞նչ առաջին իսկ հնարավորության դեպքում, ոչ մի տեղ հեստակեցված չէ: Այսինքն՝ յուրաքանչյուր իսկ վարորդ, ինքը կարող է իր համար սահմանել, թե որն է անհապաղը: Իրականում, ունենք լողացող ինչ-որ մի նորմ, որը ցանկացած կամայականության կորող է ենթարկվել: Գոնե ապահովագրական ընկերությունները բարեխղճություն ցուցաբերեն ու իրենց վկայագրով որոշակիություն մտցնեն, թե որն է անհապաղ ու առաջին իսկ հնարավորություն: Ի վերջո, անձը կարող է հնարավորություն ձեռք բերել երեք ժամ հետո՝ պարզապես հեռախոսի մարտկոցը լիցքավորված չլինելու պատճառով: Ապահովագրական ընկերությունների պարզաբանումը հետևյալն է՝ ոչ թե հենց վթարի պահին, այլ կախված վթարի մեծությունից զանգել, օրինակ, 20 րոպե հետո, եթե շատ ծանր դեպք չի:
– Այսինքն՝ ես ճիշտ եմ հասկանում՝ դուք նմանաբնույթ գործ ունեք:
– Այո, այս պահին մեկը կա, որը գտնվում է Վերաքննիչ դատարանում, առաջին ատյանը մերժել է ապահովագրական ընկերության հայցը՝ վճիռ կայացնելով հօգուտ վարորդի:
– Իսկ ինչպե՞ս անեն վարորդները, որ նման քաշքշուկների մեջ չհայտնվեն:
– Իրականում, եթե անգամ մյուս վարորդները նման իրավիճակներում հայտնվեն, ապա չեմ կարծում, որ ի վնաս նրանց կլինի դատական ակտը: Նախ ապահովագրական ընկերությունները պետք է հստակեցնեն վերոնշյալ եզրույթները: Հարկավոր է ֆիքսված լինի իրավիճակն ու ժամկետները: Մյուս կողմից քաղաքացիներին ծուղակն են գցում, որովհետև տարակարծության տեղիք տվող այս եզրույթները միշտ կարելի է վիճարկել, անգամ, եթե վարորդը 10 րոպե անց է զանգահարել ապահովագրական ընկերություն:
– Նախորդ տարի քննարկումների առարկա դարձավ այն հանագամանքը, որ վթարների ժամանակ ՃՈ-ն արագ կերպով արձանագրի կատարվածը ու վարորդները չսպասեն ապահովագրական ընկերություններին, ազատեն երթևեկելի հատվածը՝ խցանումներ չստեղծելու համար: Հնարավո՞ր համարում եք նման լուծում՝ խցանումները նվազեցնելու տեսանկյունից:
– Եթե զուտ նպատակը խցանումների նվազեցումն է, ապա կարելի է ապահովագրական ընկերությունների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել, հետագայում, որպեսզի խնդիր չունենա վարորդը, քանի որ ՃՈ-ի արձանագրման դեպքում ապահովագրական ընկերությունն անպայման մի խնդիր կգտնի, որ գումար չփոխանցի վարորդին: Այստեղ պետք է հասկանալ, որ այս ընկերություններն առևտրային կազմակերպություններ են, որոնք ստեղծվել են շահույթ տանալու նպատակով, բնականաբար պետք է գործեն, ըստ իրենց շահույթի:
– Շատ հաճախ սոցիալական ցանցերում, տարբեր անձանցից լսում ենք դժգոհություններ, որ իրենց հաշիվների վրա կալանք է դրվել՝ առանց համապատասխան ծանուցման: Նման դեպքերի առնչվե՞լ եք:
– Նախ նշեմ, որ նախորդ տարվանից ՃՈ-ն այլևս չի ծանուցում վարորդին, որ դուք ունեք վարչական ակտ, քանի որ փոփոխություն կատարվեց ԴԱՀԿ-ի հետ կապված,:
– Խոսքը «Azdarar.am» համակարգի ստեղծման մասի՞ն է:
– Այո, սակայն ոչ բոլոր վարորդներն են հետևում այս համակարգին ու ոչ բոլորին մենք կարող ենք պարտավորեցնել, որպեսզի ամեն օր ստուգեն այն:
– Ես այս հարցի շուրջ զրուցել եմ նաև ՃՈ-ի համապատասխան պաշտոնյաների հետ, ովքեր պնդել են, որ վարորդները իրենց գրանցման վայրը փոխելիս, համապատասխան քայլեր պետք է ձեռնարկեն, այդ մասին տեղեկացնելու վարչական մարմնին, որպեսզի չծանուցված նամակներ չլինեն:
– Եկեք իրավիճակ պատկերացնենք՝ վարորդն ունի տուգանք, համապատասխան վարչական ակտ, որը գնացել է հարկադիր ծառայություն, ԴԱՀԿ-ն արգելանք է դրել վարորդների հաշիվների վրա, վարորդը կրել է բազմաթիվ վնասներ: Ի դեպ, արգելանքը չի դրվում, օրինակ, 5000 ՀՀ դրամի չափով, այլ ամբողջ գումարների վրա: Հաճախ լինում են դեպքեր, երբ վարորդն ունենում է վարկ, որ պետք է մարի, սակայն չի կարողանում գումարն իր հաշվից հանել, գալիս է տույժ ու տուգանք և այլն: Դրանից հետո ծանուցում է ստանում վարորդը, կարողանում է բողոքարկել, իսկ Վարչական դատարանում բողոքարկման գործընթացը ամիսներ է տևում, անգամ տարուց ավելի: Պատկերացնում եք՝ վարորդն ինչքա՞ն ճանապարհ է անցնում, քաշքշուկի մեջ ընկնում ու վնասներ կրում: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում ՃՈ-ն չի իրականացնում միջանկյալ վարույթն, արդյունքում տուժում է վարորդը:
Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի
Իրավաբան.net