Իրավաբան.net-ը իր «Իրավաբանական խճանկար» սյունակի շրջանակներում շարունակում է ներկայացնել հետաքրքիր և ծիծաղաշարժ պատառիկներ դատական նիստերից, տարօրինակ օրենքներից և իրավաբանական հումորային պատմություններից: Ստորև ներկայացնում ենք հերթական գործը:
Իսահակ Նյուտոնը փորձել է խուսափել զինվորական ծառայությունից: Առաջին հայացքից զավեշտալի հնչող այս արտահայտությունը իրական դեպք է, որը տեղի է ունեցել Հայաստանում, իհարկե խոսքը չի գնում հայտնի անգլիացի ֆիզիկոսի մասին:
Այսպես՝ Իսահակ Կարկոնցյանը 2007թ.-ին Շենգավիթի զինկոմիսարիատում անցնելով կցագրում պիտանի է ճանաչվել ժամկետային զինվորական ծառայության համար, սակայն 2009թ. աշնանից զինկոմիսարիատ չի ներկայացել, որով և խուսափել է ժամկետային զինվորական ծառայության 2009թ. աշնանային զորակոչից:
2010թ. որոշումներ է կայացվել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ փնտրում էին Իսահակ Կարկոնցյանին, միաժամանակ քննիչը միջնորդել է կալանավորել Իսահակին՝ հիմնավորել, որ վերջինս կատարել է հանցանք և թաքնվում է քրեական վարույթն իրականացնող մարմնից:
Կալանքի միջնորդությունը քննության է առել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ալեքսանդ Ազարյանի:
Դատաքննության ընթացքում էլ պարզվել է այն, ինչը այս գործը դարձնում է առանձնահատուկ, այսպես՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունից ստացվել է համապատասխան տեղեկանք, համաձայն որի՝ 2007թ. օգոստոսի 9-ին Շենգավիթի տարծքային բաժնում կատարվել է ուղղում և Իսահակ Տիգրանի Կարկոնցյանը դարձել է Իսահակ Ստիվեն Ջոն Նյուտոն:
Ինչևէ, դատարանը գտել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Նյուտոնի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորում ընտրելու համար:
Գևորգ Թոսունյան