Մարդու իրավունքների պաշտպանը որևէ քաղաքի կադաստրի պետ չի, որ նման ձևով հրաժարական տա. Էդմոն Մարուքյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հունվարի 12-ին նման հայտարարություն տարածվեց օմբուդսմենի ֆեյսբուքյան պաշտոնական էջում. «Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»,- շեշտվում էր գրառման մեջ: Կարեն Անդրեասյանի անսպասելի հրաժարականի մասին խոսել ենք ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Պարոն Մարուքյան, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն օրեր առաջ անսպասելի հրաժարական ներկայացրեց: Ձեզ համար տարօրինա՞կ չէր նման հրաժարականը:

Ես զարմացել եմ այդ լուրը ստանալով և կրկնակի եմ զարմացել՝ իմանալով, որ նա չի մեկնաբանում իր հրաժարականը: Ես գտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի նման ձևով հրաժարական տալու, նա սովորական պաշտոնյա չէ, նա որևէ քաղաքի կադաստրի պետը չէ, որ դիմում է ներկայացնում իր ղեկավարին և ազատվում: Այստեղ հարկավոր է դիտարկել, թե կա՞ արդյոք գիտակցումը, թե ինչ է իրենից ներկայացնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, որպես խորհրդարանի կողմից ներկայացված մարդու իրավունքների պաշտպան: Նման գիտակցում չկա, ըստ իս: Այն բոլոր լուրերը ճնշումների մասին, ինձ համար խորը անընդունելի են: Նախ ճնշումների մասին երբևէ որևէ հայտարարություն չի եղել, եթե խոսքը գնում է ԱԺ-ում քննադատություններին, ապա ԱԺ-ն նրա համար է, որ մարդիկ քննարկեն ու նաև քննադատեն իրար: Օմբուդսմենը չպետք է նման բաների համար հրաժարական տա: Մյուս կողմից Մարդու իրավունքների պաշտպանն ունի ամենաբարձր պաշտպանվածության երաշխիքները Հայաստանում, նա կարող է նաև անվտանգություն պահանջել: Նաև չպետք է մոռանալ, որ նա ՍԴ նախագահին հավասարեցված կարգավիճակ ուներ: Եթե նրա դիմումը անձնական նկատառումներ ունի, միանշանակ կարելի է հարգել: Ամեն դեպքում, Մարդու իրավունքների պաշտպանը նման ձևով հեռանալու իրավունք չունի:

Երբ ես լսում եմ «Կարեն Անդրեասյան» անունը, ես վերհիշում եմ 2013թ.-ին նրա ելույթները ԱԺ-ում՝ դատական կոռուպցիայի մասին զեկույցը, երբ Ձեզ մոտ են նշում նրա անունը, ի՞նչ եք հիշում Կարեն Անդրեասյանի գործունեությունից:

Ըստ իս՝ բավականին դրական կողմեր էլ են եղել, նաև եղել են բազմաթիվ թերացումներ: Ես հիշում եմ այն, որ երբ նա նշանակվեց, արագ արձագանքման խումբը ցրեց, դա է ինձ մոտ տպավորվել՝ որպես շատ վատ , որպես եղած ու զարգացած ինստիտուտը մի քանի քայլ ետ գցելու օրինակ: Բացի այդ, լավագույն աշխատողները սկսեցին արագ հեռանալ գրասենյակից: Եղել են նաև դրական միտումներ, հենց Ձեր մատնանշած դատական իշխանության զեկույցը վատը չէր, ես այն խորհրդարանում պաշտպանել եմ:

Իսկ ի՞նչ խնդիրներ են ծառացած մնալու նոր պաշտպանի առջև:

Նոր պաշտպանն այդ կառույցի ինստիտուցիոնալ զարգացումը պետք է ապահովի: Նշանակված բանից շատ բան է կախված, ըստ էության՝ սա անձի հեղինակության վրա հիմնված ինստիտուտ է, որքանով այդ անձը հեղինակավոր է, այդքանով էլ այն հաջողակ է գործում, եթե այդ հեղինակությունը չեղավ, լուրջ խնդիրներ են լինելու: Ես ինքս, որպես ԱԺ պատգամավոր ամեն ինչ անելու եմ, որ աջակցեմ այդ մարդուն, եթե, իհարկե, տարաձայնություններ չունենամ այդ անձի հետ, որովհետև կարող է նշանակվել մեկը, ով շատ խորը մարդու իրավունքների ոտնահարման ռեսուրս ունի, ես որևէ բան չեմ բացառում քաղաքականության մեջ: Եթե լինի իմ պատկերացումների օմբուդսմենը, ես ամեն ինչ կանեմ՝ նպաստելու, որ այդ ինստիտուտն, այդ մարմինը կայանա:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել