«Կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևոր բանը քաղաքական կամքն է: Եթե քաղաքական խավը, մասնավորապես՝ իշխող վերնախավը, ցուցաբերի քաղաքական կամք, ապա դուք կկարողանաք հաջողության հասնել», – այսպիսին է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Սվիտալսկու ամուր համոզմունքը: Իրավաբան.նեթ-ին տված իր հարցազրույցում նա խորհուրդ տվեց Կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը առաջ շարժվել պարզ եղանակներով. «Հայաստանը կարիք չունի՝ շատ ժամանակ ծախսելու հնարավորություններն ուսումնասիրելու և տեխնիկական-տնտեսագիտական ուսումնասիրություններ անելու վրա: Միակ խնդիրն այն է, որ վերևում ընդունվեն ճիշտ քաղաքական որոշումներ և բոլոր համապատասխան մարդկանց և կառույցներին ասվի հետևյալը. «Մենք պետք է անենք սա»: Սա շատ պարզ է»: Ստորև ներկայացնում ենք դեսպանի ամբողջական հարցազրույցը:
– Կարո՞ղ ենք սկսել Ռիգայի գործընթացից. կարելի՞ է արդյոք սա դիտել որպես նոր հարթակ ԵՄ-ՀՀ համագործակցության համար:
– Կարող ենք ասել, որ կա երեք հարթակ, որոնց վրա Եվրոպական միությունը հետամուտ է լինում Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը: Առաջինն ու ամենաընդհանրականը Հարևանության քաղաքականությունն է: Ինչպես գիտեք, բոլորովին վերջերս Եվրոպական միությունը ընդունել է Հարևանության քաղաքականության վերանայման փաստաթուղթը: Խորհուրդն ընդունել է եզրակացություններ վերջինիս վերաբերյալ, և այս փաստաթուղթը նոր հնարավորություններ է առաջարկում նաև Հայաստանին՝ Եվրոպական միության հետ իր հարաբերությունները խորացնելու տեսանկյունից: Մենք մեծ հույս ունենք, որ հաջորդ տարի կկարողանանք Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության առաջնահերթությունների շուրջ երկխոսություն սկսել: Սա քաղաքականորեն պարտավորեցնող մի փաստաթուղթ է, որը կձևավորի օրակարգ ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար:
Երկրորդ հարթակն Արևելյան գործընկերությունն է: Դուք խոսեցիք Ռիգայի փաստաթղթի մասին, և, իրոք, Արևելյան գործընկերությունը կարևոր գործիք է Եվրոմիության և Հայաստանի միջև հարաբերությունների խթանման հարցում: Ռիգայից սկսած՝ Արևելյան գործընկերությունը հիմնված է եղել այն ենթադրության վրա, որ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի գործընկերներն ընտրել են տարբեր ռազմավարական ուղղություններ: Նրանցից երեքն ասոցացման ճանապարհի վրա են՝ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան: Հայաստանը և Բելառուսը Եվրասիական տնտեսական միության մաս են կազմում: Ադրբեջանը դեռևս Եվրասիական տնտեսական միության անդամ չէ և հետաքրքրված չէ ասոցացման գործընթացով: Այսպիսով, Արևելյան գործընկերությունը տարածաշրջանային ծրագիր կլինի՝ համապատասխանեցված առանձին անդամների, այդ թվում Հայաստանի, նախընտրություններին: Սակայն այն իր շատ ճկուն ձևաչափով հիմնականում ուղղված կլինի տարածաշրջանային համագործակցության խթանման վրա:
Երրորդ հարթակը Եվրոմիության և Հայաստանի միջև երկկողմանի հարաբերություններն են: Անցյալ շաբաթ, ինչպես գիտեք, մենք սկսեցինք բանակցություններ՝ կապված նոր շրջանակային համաձայնագրի հետ: Շրջանակային համաձայնագիրը մեր հարաբերությունների համար կծառայի որպես իրավական հիմք: Այսպիսով, մենք, փաստորեն, ունենք միմյանց ամրապնդող երեք հարթակներ. Հարևանությունը՝ որպես քաղաքականորեն պարտավորեցնող հանձնառությունների և գործողությունների ամենաընդհանրական հարթակը, Արևելյան գործընկերությունը կխթանի տարածաշրջանային համագործակցությունը և տարածաշրջանային միջոցառումները, և իրավաբանորեն պարտավորեցնող երկկողմանի շրջանակային համաձայնագիր:
– Քանի որ ԵՄ Արտաքին գործերի խորհուրդը Հանձնաժողովին տվել է թույլտվություն՝ Հայաստանի հետ սկսելու բանակցություններ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, ես ուզում եմ հասկանալ՝ ինչ մենք պետք է ակնկալենք այս գործընթացից. արդյոք այն կտա՞ Հայաստանին նոր հնարավորություններ: Ի՞նչ ձևով են նոր բանակցությունները տարբերվելու նախորդ Ասոցացման համաձայնագրից:
– Նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություները մեկնարկել են նախորդ շաբաթ՝ դեկտեմբերի 7-ին: Ներկա էին արտաքին գործերի նախարար Նալբանդյանը և բարձր ներկայացուցիչ Մոգերինին: Կարող եմ ասել, որ դա լավ սկիզբ էր: Կողմերը համաձայնեցրին 2016 թ.-ի նիստերի ժամանակացույցը: Նրանք սկսեցին բանակցել համաձայնագրի բովանդակության շուրջ և ունեցան զգալի առաջընթաց՝ կապված, մասնավորապես, բնագավառային համագործակցության հետ: Սակայն առաջին նիստի ժամանակ եղավ նաև շատ նշանակալից առաջխաղացում՝ կապված քաղաքական գլխի հետ:
Ո՞րն է Ասոցացման համաձայնագրի և նոր համաձայնագրի միջև եղած տարբերությունը: Տարբերություն կա համաձայնագրի քաղաքական տրամաբանության մեջ: Ասոցացման համաձայնագիրը հիմնված էր մոտավորության վրա, այն կազմված էր այն ենթադրության հիման վրա, որ Հայաստանն ավելի ու ավելի է մոտենալու Եվրոպական միությանը: Նոր համաձայնագիրը հիմնված չէ այս տրամաբանության վրա: Մենք հույս ունենք, և այսպիսի հույս արտահայտել է և՛ Եվրոպական միությունը, և՛ Հայաստանը, որ քաղաքական հատվածը՝ ներառյալ արժեքների հետ կապված հատվածը, չի տարբերվի այն տեքստից, որի շուրջ բանակցել են ասոցացման բանակցությունների ժամանակ: Այնպես որ, դուք կկարողանաք օգուտ քաղել քաղաքական երկխոսության և համագործակցության այն բոլոր արժեքավոր կողմերից, որոնք նախատեսված էին նախկինում քննարկված համաձայնագրի մեջ: Հիմնական տարբերությունը կապված կլինի առևտրի հատվածի հետ: Հայաստանն այժմ Եվրասիական տնտեսական միության մաս է կազմում, և այդ պատճառով հնարավոր չի լինի քննարկել և համաձայնության գալ, օրինակ, սակագների շուրջ, քանի որ Հայաստանն այլևս սակագներ քննարկելու դիրքում չի գտնվում: Փոխարենը, հուսով եմ, որ մինչ Վիլնյուսը՝ երկու տարի առաջ, քննարկված համաձայնագրի էությունը պահպանված կլինի:
– Այս պահի դրությամբ արդյոք բոլոր կողմերի պահանջները հստակորեն նշվա՞ծ են, և չկա՞ արդյոք ԵՄ մոտ վախ, որ Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու այս փորձը ևս կարող է ձախողվել, ինչպես եղավ 2013 թ. սեպտեմբերին:
– Հայաստանի առջև ծառացած հիմնական երկընտրանքն այն է, թե ինչպես հաշտեցնել Եվրասիական տնտեսական միության մեջ իր ունեցած հանձնառություններն ու պարտավորությունները Եվրոպական Միության հետ ավելի սերտ հարաբերություններ ունենալու իր ձգտումների հետ: Վերջին ամիսներին Եվրոպական միությունը հստակորեն ցույց տվեց, որ նոր համաձայնագիրը հնարավոր չի լինի ստորադասել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը: Եթե հայ գործընկերները որոշեն գնալ այս ուղղությամբ, ապա ես մտավախություն ունեմ, որ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններում մեծ առաջխաղացում չի արձանագրվի: Եվրոպական միությունը կհարմարեցնի իր քաղաքականությունը Հայաստանի կատարած ընտրությանը: Մենք բարի մտադրություններով ենք վարում նոր բանակցությունները: Կարծում ենք, որ երկու կողմերն էլ ցանկանում են ճանապարհի վերջում հասնել կառուցողական եզրահանգման: Եվ ես հույս ունեմ, որ Եվրոպական միության օրինակով հայկական կողմն էլ կցուցաբերի լիարժեք պատրաստակամություն՝ հասնելու բանակցությունների կառուցողական ավարտին: Ես չէ, որ պետք է գնահատեմ, թե որն է հայկական կողմի համար խուսանավելու սահմանագիծը: Դուք այդ մասին պետք է հարցնեք Արտաքին գործերի նախարարության այն աշխատակիցներին, ովքեր պատասխանատու են բանակցությունները վարելու համար:
– Ինչպես հասկանում եմ, 2016 թ.-ին ԵՄ-ն 23 մլն եվրո է տրամադրելու ի օգնություն Հայաստանին: Ո՞ր ոլորտներն են զարգացվելու, և, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ հաջողություններ կունենանք մենք այդ ոլորտներում: Արդյոք դա կնպաստի՞ Հայաստանի տնտեսության՝ ավելի բաց և մրցակցային դառնալուն: Արդյոք դա կօգնի՞ մեծացնել ներդրումները ԵՄ անդամ երկրներից:
– Եվրոպական միությունն ամեն տարի ընդհանուր առմամբ ավելի քան 50 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին: Ինչպես ասացիք, դրա կեսից ավելին անցնում է ուղիղ բյուջետային աջակցության միջով. Եվրոպական միությունը գումար է փոխանցում անմիջապես Հայաստանի բյուջե: Զարգացման աջակցության հետ կապված մեր առաջնահերթությունները հստակ են, և Եվրոպական միությունը Հայաստանում համար առաջին միջազգային դոնորն է: Դուք մատնանշեցիք լավ բիզնես միջավայրի կարևորությունը: Դա մեր առաջնահերթություններից մեկն է, և օգնության զգալի մի մաս՝ հավանաբար 10 միլիոնից ավելի, կհատկացվի Հայաստանում ավելի լավ բիզնես միջավայր ստեղծելուն՝ ներառյալ աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրությանը: Այս առաջնահերթությունը համահունչ է կայունացման ռազմավարական նպատակի հետ, որ առաջ է քաշվում Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ: Չորեքշաբթի օրը ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ միասին ես հանդիպեցի Հայաստանի վարչապետի հետ՝ քննարկելու մրցակցության մասին օրենքի հարցը, քանի որ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար ավելի լավ միջավայրի նախադրյալներից մեկը տնտեսական գործընթացների մասնակիցների՝ ավելի հավասար պայմաններով դաշտ ունենալն է, մասնավորապես, սկսնակ գործարարների համար ավելի լավ պայմաններ ստեղծելը: Այնպես որ, սա ոչ միայն գումար փոխանցելու և մասնավոր բիզնեսի ավելի լավ կատարողականին նպաստելու հարցն է, այլև պատշաճ իրավական հիմքեր ապահովելու հարցը: Եվ այս երկու ուղղություններով Եվրոպական միությունը կբազմապատկի իր ջանքերը:
– Ըստ հանձնաժողովի՝ Եվրոպական հարևանության քաղաքականության վերջին վերանայման՝ «ավելին ավելիի համար» սկզբունքը հաջողությամբ չի պսակվել այնտեղ, որտեղ քաղաքական կամքը բացակայում էր: Արդյոք մենք այս առումով փոփոխություն կտեսնե՞նք Հայաստանի հանդեպ ԵՄ-ի մոտեցման մեջ և արդյոք ավելի շատ կշեշտադրվի՞ աջակցությունը քաղաքացիական հասարակությանը:
– Եվրոպական միությունը շատ է կարևորելու համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ, և մենք փաստացի մեկնարկ ենք տվել մի մեծ ծրագրի, որ կաջակցի քաղաքացիական հասարակության ուժեղացմանը: Ես մշտական շփման մեջ եմ քաղաքացիական հասրակության ներկայացուցիչների հետ: Քաղաքացիական հասարակությունը կարևոր է Եվրոպական միության համար՝ և՛ որպես երկրում տիրող իրավիճակի մասին անկախ տեսակետ տրամադրող խոսակից, և՛ որպես գործընկեր մեր ծրագիրն իրականացնելու համար: Բայց ուժեղ քաղաքացիական հասարակությունն անգամ ավելի կարևոր է Հայաստանի համար: Առանց կենսունակ և ակտիվ քաղաքացիական հասարակության՝ Հայաստանն ի վիճակի չի լինի կառուցել ուժեղ ժողովրդավարական համակարգ և ուժեղ օրենքի գերակայության համակարգ: Հետևաբար, կարող եմ հավաստիացնել, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները Հայաստանում միշտ կլինեն մեր գործունեության կենտրոնում: Երբ մենք քննարկում ենք Հայաստանի հետ մեր համագործակցությունը, հատկապես կարևորում ենք անցումը եվրոպական չափորոշիչներին և արժեքներին: Վերջերս բանակցված մարդու իրավունքների ուղղությամբ բյուջեի աջակցման ծրագիրը, որն ստորագրվել է Բրյուսելում դեկտեմբերի 11-ին, իրենից մի նոր զարգացում է ներկայացնում, քանի որ բյուջեի աջակցման ծրագիրը հնարավորություն է տալիս հայկական կողմին պատրաստել մի շարք շատ կարևոր օրենքներ, որը, հուսամ, զգալի փոփոխություն կբերի այնպիսի հարցերում, ինչպիսիք են ընտրությունները, օրենքի գերակայությունը, հանդուրժողականությունը, խտրականության վերացումը և այլ հարակից թեմաներ: Այս բյուջեի աջակցման ծրագրի մեջ հայկական կառավարության կողմից մենք հստակ հանձնառություն ենք տեսնում՝ պատրաստելու համապատասխան օրենքի նախագծեր, համապատասխան օրենսդրություն այս ոլորտում:
– Վերադառնալով Հայաստանի ներքին խնդիրներին՝ ես կցանկանայի Ձեր կարծիքը հարցնել կոռուպցիայի մասին. կոռուպցիայի դեմ պայքարը Դուք համարու՞մ եք կարևոր հարց, և, եթե այո, արդյոք դա արտացոլված կլինի՞ նոր շրջանակային համաձայնագրի մեջ:
– Ես չեմ կարող հիշել իմ մասնակցությամբ թեկուզ մեկ հանդիպում քաղաքացիական հասարակության, ուսանողների և հայկական հասարակության այլ խմբերի հետ, որտեղ չի բարձրացվել կոռուպցիայի դեմ պայքարի հարցը: Եվ կարծում եմ՝ դա արդարացի է, քանի որ կոռուպցիան ես համարում եմ Հայաստանի բարգավաճման համար գլխավոր կառուցվածքային խնդիրներից և արգելքներից մեկը: Եվ ակնհայտ է, որ առանց կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանը չի կարողանա առաջ շարժվել տնտեսության արդիականացման, քաղաքական կառավարումը զարգացնելու, ավելի արդարամիտ հասարակություն կառուցելու ուղղությամբ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մեջ ամենաքիչ կոռումպացված երկիրն է՝ համաձայն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման համաթվի: Այնուամենայնիվ, Հայաստանն զգալիորեն հետ է մնում մի շարք այլ երկրներից, այդ թվում իր անմիջական հարևան Վրաստանից: Հայաստանը համար 94-ն է կոռուպցիայի ընկալման համաթվի մեջ, իսկ Վրաստանը համար 50-ն է: Վրաստանն ունի ավելի լավ արդյունքներ, քան Եվրոպական միության որոշ անդամներ: Վրացիները կարողացան ցույց տալ, որ հնարավոր է դա անել: Եվ ես կարծում եմ, որ հայերը պետք է ոգեշնչվեն այդ փաստից: Կոռուպցիայի դեմ պայքարն ունի շատ մակարդակներ: Այն սկսվում է մանր, ամենօրյա կոռուպցիայից՝ ոստիկաններին, հիվանդանոցներում բժիշկներին վճարելուց, համալսարաններում դասախոսներին գումար տալուց և այլն: Բայց այն ավարտվում է այսպես կոչված «մետակոռուպցիայով», որն իրենից ներկայացնում է բիզնեսի և քաղաքականության միջև եղած ամենակոռումպացված օղակը: Կարծում եմ, որ Եվրոպական միության համար նույնպես Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ամենագլխավոր առաջնահերթություներից է:
– Հայաստանում մենք միշտ ձգտում ենք սովորել այլ հետկոմունիստական երկրների փորձը՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է հաղթել կոռուպցիայի դեմ պայքարում: Խնդրում եմ՝ պատմեք Լեհաստանի փորձի մասին. որո՞նք էին այն հիմնական գործոնները, որոնք ապահովեցին կոռուպցիայի կրճատումը, և ինչքա՞ն երկար տևեց այդ գործընթացը:
– Կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևոր բանը քաղաքական կամքն է: Եթե քաղաքական կամք ցուցաբերվի քաղաքական դասի և, մասնավորապես, իշխող վերնախավի կողմից, ապա դուք կարող եք ունենալ առաջխաղացում: Եվ սա հենց Լեհաստանի դեպքն է, ինչպես նաև որոշ այլ երկրների, որոնք անցել են անցումային շրջանը և կարող են վկայել այս ճշմարտության մասին: Այդ ամենն սկսվում է քաղաքական կամքից: Կոռուպցիայի դեմ հեշտ չէ պայքարել, և ոչ մի երկիր կոռուպցիայի համար անձեռնմխելի չէ: Դուք գիտեք շատ երկրներում տեղի ունեցած մեծ կոռուպցիոն սկանդալների մասին, այդ թվում և Եվրոպական միության անդամ երկրներում, ինչը հենց վերջերս է տեղի ունեցել: Կարծում եմ, որ Լեհաստանն ընդհանուր առմամբ բավականին հաջողակ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի մեջ: Դա սկսվեց շատ վաղուց՝ ավելի քան 20 տարի առաջ, համակարգի փոխվելուց հետո, երբ նախարարներից մեկը՝ արդարադատության նախարարը, սկսեց «մաքուր ձեռքերի» քարոզարշավը: Այսօր Լեհաստանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի համաթվում բավականին լավ դիրքում է գտնվում: Այն ունի շատ ուժեղ գործիքակազմ՝ ինստիտուցիոնալ գործիքները, Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոն ներառյալ: Այնպես որ, շատ փորձ կա, որից Հայաստանը կարող է ոգեշնչվել՝ անցումային երկրների փորձը ներառյալ: Հայաստանն անիվը նորից հորինելու կարիք չունի: Հայաստանը կարիք չունի՝ շատ ժամանակ ծախսելու հնարավորություններն ուսումնասիրելու և տեխնիկական-տնտեսագիտական ուսումնասիրություններ անելու վրա: Միակ խնդիրն այն է, որ վերևում ընդունվեն ճիշտ քաղաքական որոշումներ և բոլոր համապատասխան մարդկանց և կառույցներին ասվի. «Մենք պետք է անենք սա»: Սա շատ պարզ է»:
– Ես կցանկանայի մի քանի հարց տալ ԵՄ ֆինանսավորած Բազմասեկտորային բյուջեի աջակցման ծրագրի մասին, քանի որ այս ծրագիրը խրախուսում է ՀՀ կառավարությանը ձեռնարկել մի շարք հակակոռուպցիոն միջոցառումներ: Հայաստանի համար պայմաններից մեկն անկախ հակակոռուպցիոն մարմնի հիմնադրումն է: Ինչպե՞ս կարող եք բնութագրել այս մարմինը: Արդյոք արդեն հիմնադրված Հակակոռուպցիոն խորհուրդը համապատասխանո՞ւմ է այս պայմանին, թե ԵՄ-ն այլ ակնկալիքներ ունի՝ համահունչ Ջակարտայի հայտարարության սկզբունքների հետ:
– Հիմա անհրաժեշտ է գործել: Հիմա անհրաժեշտ է քաղաքական կամք՝ միջոցառումների իրականացումն սկսելու համար: Ձեզ պետք է հիմնադրել մի անկախ հակակոռուպցիոն մարմին, որը զերծ կլինի արտաքին քաղաքական ճնշումից: Ձեզ պետք են լավ օրենքներ, որոնք կբացահայտեն կոռուպցիայի դեպքերը, և ձեզ պետք է գործուն, անկախ դատական համակարգ՝ շատ բարձր էթիկայով և կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամությամբ: Սրանք անհրաժեշտ բաղադրատարրերն են: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարության համար վաղուց ժամանակն է ցույց տալ գործնականում կոնկրետ արդյունքներ, ցույց տալ, որ այս հրաշալի փաստաթղթերը լուրջ են ընկալվում նրանց կողմից, ովքեր պետք է ի կատար ածեն դրանք:
– Բազմասեկտորային բյուջեի աջակցման ծրագրում պայմաններից մեկը ենթադրում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի արդյունավետության մեծացումը: Դուք կարծու՞մ եք՝ դա կարող է դառնալ արդյունավետ գործիք կոռուպցիայի դեմ պայքարում:
– Էթիկայի հանձնաժողովը կարևոր է, քանի որ այն կարող է խաղալ վաղաժամ զգուշացման և կանխարգելման շատ օգտակար դեր: Քաղաքացիական ծառայողների բարոյական պատասխանատվությունը պետք է ավելի բարձր լինի, քան քրեական օրենսգրքի չափորոշիչները: Եվ Էթիկայի հանձնաժողովը պետք է մասնավորապես զբաղվի այնպիսի գործերով, որոնցում, եթե անգամ չկա ոչ մի օրինախախտում, գործողությունները բարոյական առումով կասկածելի կամ նույնիսկ անընդունելի են: Հետևաբար, ձեզ պետք է ակտիվ Էթիկայի հանձնաժողով, և, նորից եմ ասում, կան բազում միջազգային դեպքեր, որտեղ այսպիսի մարմինները շատ օգտակար դեր են խաղացել: Այստեղ ինչ-որ բան անելու հարցն է: Մարմինը՝ որպես այդպիսին, առանց նախաձեռնության, առանց քաղաքական կամքի, ոչ մի արդյունք չի տա: Սա ուղղակի գործիք է: Եթե այն չօգտագործվի, ապա չի կատարի իր դերը:
– Իսկ ի՞նչ կասեք ազդարարների պաշտպանության մասին: Սա ուղղակի օրենսդրական հա՞րց է, թե՞ այլ երաշխիքներ նույնպես պետք է լինեն՝ համոզվելու համար, որ համակարգը գործնականում աշխատում է: Ի՞նչ փորձով կարող է կիսվել ԵՄ-ն այս առումով:
– Կան ազդարարների պաշտպանության տարբեր մոդելներ, բայց յուրաքանչյուր մոդելում այն մարդկանց պաշտպանությունը, ովքեր առաջինն են բացահայտում կոռուպցիայի դեպքերը, շատ կարևոր է: Օրինակ՝ համակարգը, որ գործում է Լեհաստանում, բավականին ուժեղ է, այն աստիճանի, որ կաշառք առաջարկած անձն ազատված է որևէ տեսակի պատասխանատվությունից, եթե նա հայտնել է դրա մասին համապատասխան մարմինների կողմից պաշտոնապես հետաքննությունն սկսելուց առաջ: Մարդը, ով ընդունում է կաշառքը, չի ազատվում պատասխանատվությունից, բայց կաշառք տվողն ազատվում է: Եվ սա ազդարարների պաշտպանության շատ ուժեղ տեսակ է: Սակայն կան նաև ազդարարների պաշտպանության այլ տարրեր՝ ներառյալ դատախազների և դատարանների կողմից պաշտպանությունը: Այնպես որ, երկուսն էլ կան. սա օրենքի և անհրաժեշտ օրենսդրական դրույթների հարց է, և սա գործնականում կիրառելու հարցն է, թե համապատասխան ծառայությունների՝ կառավարության, դատարանների և այլ ճյուղերի աշխատակիցները ինչքան լուրջ են վերաբերում կոռուպցիային և դրա դեմ պայքարին: Սակայն ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ազդարարներին պաշտպանելը շատ կարևոր է:
– Ինչպես գիտեք, ՀԵԻԱ-ի և ԻԱԿ-ի կողմից իրականացվող և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրով ստեղծվել է 70 ՔՀԿ-ներից կազմված հակակոռուպցիոն կոալիցիա: Ինչպե՞ս եք ապագայում տեսնում կոալիցիայի դերը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում:
– Կարծում եմ՝ դա շատ արժեքավոր նախաձեռնություն է, քանի որ քաղաքական համակարգի, Պառլամենտի, Կառավարության և իշխանության այլ ճյուղերի վրա հասարակական ճնշումը շատ կարևոր է: Եվ ես կարող եմ ասել, որ մենք՝ որպես Եվրոպական միության պատվիրակություն, պատրաստ ենք բարոյական աջակցություն ցուցաբերել ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային: Այնպես որ, այո՛, սա կարևոր է, քանի որ խնդիրը շատ լուրջ է, և կոռուպցիայի դեմ պայքարը պարզապես գերագույն առաջնահերթություն է հայերի համար:
– Իսկ ի՞նչ կարծիքի եք Հայաստանում ապօրինի հարստացման քրեականացման մասին: Արդյոք համարու՞մ եք այն հակակոռուպցիոն բարեփոխումների էական մի մաս:
– Այո՛, նորից եմ ասում, կան տարբեր մոդելներ, որոնցով սահմանվում են այս գործողությունները քրեականացնելու տարբեր չափաբաժիններ: Կան որոշ խիստ մոդելներ, որտեղ ոչ միայն ապօրինի հարստացումը, այլև եկամուտների և ակտիվների ոչ ճշգրիտ հայտարարագրերը պատժելի են քրեական օրենսգրքով: Հասկանալի է, որ Հայաստանը գտնվում է քրեական օրենսգրքի փոփոխությունների քննարկման փուլում: Ես կողմ եմ շատ խիստ մոտեցմանը. եթե ցանկանում եք հաջողության հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, ինչքան հնարավոր է շատ բաներ դարձրե՛ք պատժելի քրեական օրենսգրքով: Որոշ երկրներ ընտրել են արտոնյալ ժամկետները՝ ասելով. «Լավ, մենք կմոռանանք այն, ինչ եղել է անցյալում, բայց այսօրվանից սկսած՝ մենք առավել խիստ կլինենք, քան երբևէ»: Հայաստանը նույնպես հնարավորություն ունի՝ մտածելու այսպիսի լուծումների մասին: Բայց ես խորհուրդ կտայի հայկական իշխանություններին քրեական օրենսգրքում և քրեական դատավարության օրենսգրքում ներառել հնարավորինս շատ դրույթներ ապօրինի հարստացման վերաբերյալ:
– Իսկ ի՞նչ կասեք դատական բարեփոխումների մասին: Ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերելու ԵՄ-ն և դատական բարեփոխումների ո՞ր մասերում:
– Մենք այստեղ իրականացրել ենք մի շատ հավակնոտ ծրագիր՝ կապված դատական բարեփոխումների հետ, և, անկեղծ ասած, մենք գոհ չենք այն ամենից, ինչ արվել է: Որոշ խոստումներ չեն կատարվել, և, հետևաբար, մենք հետ ենք կանչել բարեփոխումներին հատկացված որոշ գումարներ: Սա ցույց է տալիս, որ Եվրոպական միությունը չի հանձնում դատարկ չեկեր, որ, եթե մեզ դուր չի գալիս այն, թե ինչպես է ծախսվում մեր փողը, մենք պարզապես այն դադարում ենք տալ: Եվ մենք արեցինք դա: Դատական բարեփոխումների որոշ տարրեր շատ լավ անցան՝ բարեփոխումների էլեկտրոնային կառավարման տարրերը ներառյալ, բայց, ընդհանուր առմամբ, Հայաստանում դատական համակարգն ունի հանրային իմիջի շատ կարևոր խնդիր: Մարդիկ չեն վստահում դատարաններին: Եվ եթե Հայաստանն ուզում է առաջ շարժվել, եթե Հայաստանն իրոք ուզում է բեկում մտցնել իր զարգացման մեջ, ապա նրան պետք են անկախ դատական համակարգ և արդյունավետ աշխատող դատարաններ: Սրանք անհրաժեշտ են նաև ավելի շատ արտասահմանյան ներդրումներ և ավելի շատ առևտուր ապահովելու տեսանկյունից: Արտերկրի գործընկերները չեն գա Հայաստան, եթե կասկածներ ունենան հայաստանյան դատարաններում անաչառության և արդարության վերաբերյալ: Այնպես որ, Հայաստանի շահերից է բխում բարեփոխումների հարցն առաջ տանելը: Կան շատ տարրեր, որոնց դատարանների բարեփոխման գործընթացում դեռևս պետք է ուշադրություն դարձնել, այդ թվում և դատարաններում կոռուպցիայի խնդրին, որը դեռևս հայտնի խնդիր է Հայաստանում: Այդ պատճառով ես քաջալերված էի մեր՝ վերջերս տեղի ունեցած Ղեկավար կոմիտեի հակակոռուպցիոն հանդիպման ժամանակ արդարադատության նախարարի հնչեցրած շատ հաստատակամ հայտարարությունից, որում նա արտահայտեց փոփոխություն մտցնելու իր կամքը: Կարծում եմ՝ դա կարևոր է, եկե՛ք տեսնենք՝ ինչպիսին կլինեն արդյունքները:
– Ինչ վերաբերում է դեկտեմբերի 6-ի հանրաքվեին, Ձեր գնահատմանբ՝ ինչպե՞ս էր հանրաքվեն անցկացվել:
– Այո՛, Եվրոպական միությունն այստեղ ԵՄ-ի անդամ երկրների հետ համագործակցությամբ շատ ուժեղ մի հայտարարություն հրապարակեց: Առաջարկում եմ կարդալ այն: Մենք կենթարկենք իրավիճակը մշտադիտարկման, մեզ հետաքրքրում է այն, թե ինչպես են հետաքննվելու անկարգությունների և նույնիսկ կեղծիքների հետ կապված բոլոր ենթադրությունները և մտավախությունները: Մենք անհամբերությամբ սպասելու ենք սահմանադրական փոփոխությունների ներդրմանը: Եվ Եվրոպական միության համար, ինչպես պարզ երևում է մեր հանրային հայտարարության մեջ, ճշմարտության պահը կլինի նոր ընտրական օրենսգրքի ընդունումը: Ահա թե որտեղ և երբ ենք մենք գնահատելու հանրաքվեի և սահմանադրական փոփոխությունների հետևանքները: Այնպես որ, մենք մեծ հույս ունենք, որ հաջորդ գարուն Հայաստանը կունենա նոր ընտրական օրենսգիրք:
Լուսանկարները՝ Գևորգ Թոսունյանի
Ընտրանի
- Երկիրը, որ մաքուր է կոռուպցիայից, աճող, զարգացող երկիր է
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- ՏԻՄ-երում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համակարգային լինի
- Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է կրթությունից. հակակոռուպցիոն միջոցառում Կապանում
- Պետությունն ու քաղաքացիական հասարակությունը պայքարում են գնումների ոլորտի կոռուպցիոն երևույթների դեմ
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ