«Անգամ հպանցիկ ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ մեր առջև նոր որակ ունեցող իրավական փաստաթուղթ է, որը միտված է քրեադատավարական հարաբերությունների հիմունքներն ավելի արդարացի դարձնելուն եւ քրեական դատավարության մասնակիցների բարեխղճությունը խրախուսելուն»,- ասաց ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը՝ այսօր ակադեմիայում կազմակերպված Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած քրեական դատավարությանը վերաբերող նոր իրավակարգավորումներին նվիրված քննարկմանը:
Արդարադատության ակադեմիայում կազմակերպված այս քննարկմանը մասնակցում էին մասնագետներ ՀՀ դատախազությունից, Քննչական կոմիտեից, արդարադատության նախարարությունից, դատական իշխանությունից և այլն:
Զեկուցումներ կարդացին ՀՀ նախագահի ռեֆերենտ Հրայր Ղուկասյանը («Մարդու անձնական ազատության իրավունքի երաշխավորման նոր կառուցակարգերը»), ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը («Քրեադատավարական ոլորտում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռության հարցերը»), ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը («Ձերբակալման իրավաչափության երաշխավորման նոր կառուցակարգերը»), Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը («Ապացուցման իրավունքի հարցերը ՀՀ սահմանադրական բարեփոխումների ներքո») և Արդարադատության ակադեմիայի դասախոս Արա Ղազարյանը («Կյանքի իրավունքի և ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ապահովման կառուցակարգերը»):