Տեղի ունեցավ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածուի 6-րդ հատորի շնորհանդեսը

«Այսօր չկա և ոչ մի դատական ակտ կամ վճռաբեկ բողոք, որում հղում չկատարվի Վճռաբեկ դատարանի այս կամ այն նախադեպային որոշումներին: Այս որոշումները հնարավորություն են ստեղծում հրատապ կերպով շտկել օրենքներում առկա բացերն ու տարակարծիք մեկնաբանությունները: Դրան ապահովվում են դատավարության բոլոր մասնակիցների համար կանխատեսելի արդարադատություն, որ արդյունքում կնվազեն կոռուպցիոն երևույթները և վերջ կդրվի դատական համակարգի շուրջ տարբեր տեսակի խարդախների ծավալած գործունեությունը»,- այսօր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածուի վեցերորդ հատորի շնորհանդեսին ասաց Արման Մկրտումյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահը:

Նա գտնում է, որ դատարանի նախադեպային որոշումները պարտադիր են նաև այն հիմքով, որ հասկանալի են, տրամաբանական, բողոքարկման ենթակա չեն, ամենակարևորը՝ համոզիչ են:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն իր ելույթում շեշտեց, որ լավ և սահուն գործով դատաիրավական համակարգը կարևոր է նաև երկրում արդարության հաստատման համար. «Օրենքի գերիշխանությունը հնարավոր չի երաշխավորել՝ առանց դատական համակարգի անկախության և անաչառության: Դատավորները սահմանափակված են օրենքի շրջանակներով և պատասխանատու են օրենքը կիրառել իրենց առջև հաստատված փաստերի, որոնք ապացուցողական արժեք ունեն»,- շեշտեց դեսպանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը ձևավորում է միասնական պրակտիկա, որի արդյունքում էականորեն սահմանափակվում է իրավակիրառ մարմինների կողմից երկակի չափանիշներով առաջնորդվելու հնարավորությունը:

Պարոն Ավետիսյանը շեշտեց, որ անցած 7-8 տարիների ընթացքում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության ուղղությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հսկայական աշխատանք է իրականացվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել