ՃՈ-ն՝ անակնկալ «ռեյդերի» մասին. այսօրվանից մգեցված դիմապակիով վարորդներին կտուգանե՞ն

Այսօր կրկին համացանցում և ԶԼՄ-ներով լուրեր են տարածվել, որ Ճանապարհային ոստիկանությունը սկսում է ուժեղացված ծառայությունը և նախազգուշացման փոխարեն արդեն տուգանելու են մգեցված դիմապակիով մեքենան վարելու համար:

Իրավաբան.net-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին՝ բոլոր նման լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Մինչ այս մեզ ասել էին, որ ուժեղացված ծառայությունը մեկնարկելուց երեք օր առաջ վարորդներին կնախազգուշացնեն, այս մոտեցումը չի փոխվել, դեռ հստակ չի, երբ կսկսվի ուժեղացված ծառայությունը:

Այնպես որ՝ ոստիկանությունից վստահեցրին՝ անակնկալ «ռեյդեր» չեն լինի և վարորդներին դեռևս ժամանակ է տրվում հեռացնելու առջևի հողմապակու թաղաթապատումը, իսկ մինչ այդ Ճանապարհային ոստիկանները կբավարարվեն միայն նախազգուշացմամբ:

Հիշեցնենք՝ դեռևս նախորդ շաբաթ ՃՈ-ն հորդորեց բոլոր վարորդներին՝ իրենց տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված չափերին:

Այնուհետև ՃՈ-ից պարզաբանեցին, որ խոսքը վերաբերում է միայն առջևի հողմապակուն, ՃՈ իրավաբանական բաժնի պետն էլ նշեց, որ առաջիկա օրերի ընթացքում ՃՈ-ն հանդես կգա նախազգուշացումներով:

Կարդացեք նաև՝

Կարևոր տեղեկատվություն մգեցված ապակիների և ուժեղացրած ծառայության մեկնարկի մասին

Մգեցված ապակիներից առաջացած խնդիրները. ի՞նչ իրավունքներ ունեն վարորդները

Ոստիկանությունը պարզաբանում է մեքենաների ապակիների մգեցման վերաբերյալ հայտարարությունը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել