Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով): Վստահ են Ճանապարհային ոստիկանությունում:
ՃՈ-ն այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ հորդորելով բոլոր վարորդներին՝ իրենց տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված չափերին:
Իսկ այս կարգը չպահպանելու դեպքում, ՃՈ-ն հիշեցրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 դրամի) չափով:
Փաստաբան Դավիթ Ասատրյանի խոսքերով՝ դեռևս 2008-2009թ. այս խախտմամբ ՃՈ-ն պատասխանատվության միջոցներ կիրառում էր, սակայն դրանից հետո այդ գործառույթը չէր իրականացվում:
Եթե ՃՈ-ն վերադառնում է նախկին գործելաոճին, ապա տվյալ պարագայում, ըստ փաստաբանի, հարկավոր է, որ նախ և առաջ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացվի. «Այս հանգամանքը նշյալ ոլորտում մշտապես խնդրահարույց է, շատ դեպքերում չի կատարվում: Թեկուզև այդ իրավախախտումը փորձեն ապագայում որպես այդպիսին վերավորակել ու դրա վերաբերյալ վարչական վարույթներ հարուցել, կարևոր է, որ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացվի ու մարդիկ կարողանան լսելի լինելու իրավունքն իրացնել»,- նշեց նա:
Իսկ ինչո՞ւ է այս ոլորտը խնդրահարույց, պատճառները տարբեր են, նախ անզեն աչքով ՃՈ տեսուչը չի կարող եզրակացնել, որ մեքենայի դիմապակու մգեցումը չի համապատասխանում սահմանված չափանիշներին. «Հարկավոր է փորձաքննություն իրականացնել, փորձագետը պետք է եզրակացություն տա, որին իրավունք ունի ծանոթանալ վարորդը՝ փորձելով այն վիճարկել՝ սեփական մասնագետին ներգրավվելու միջոցով»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա կարծում է, որ ներկայումս կկիրառվի արտասահմանյան փորձի, այսինքն՝ համապատասխան տեխնիկական միջոցների շնորհիվ ՃՈ տեսուչը կպարզի մեքենայի ապակիների լուսաթափանցելիության աստիճանը. «Այդ տեխնիկական միջոցներով փորձելու են ֆիքսել, սակայն դա մի ամբողջ վարչարարություն է, տեխնիկական միջոցի ներմուծում, սերտիֆիկացում, ամեն աշխատակցին կցցումը, դրա սխալման աստիճանը, օգտագործելու և բողոքարկելու կարգը: Բազմաթիվ խնդիրներ կան, կարող են կանգնեցնել, ստուգել, փորձաքննության ենթարկել, սակայն անձը շտապում է աշխատանքի, իսկ այդ ողջ պրոցեսը տևում է երկար ժամանակ ու նա խնդիրներ է ունենում աշխատավայրում, մի խոսքով՝ վնաս, վարչական ծախսեր և այլն»,- ասաց փաստաբանը:
Այնպես որ, պարոն Ասատրյանը եզրահանգեց՝ այս գործառույթը բավականին մեծ դժվարությամբ կընթանա:
ՃՈ-ն հղում է անում ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետին:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքերով՝ կառավարության նշված որոշումը որևէ կերպ չի կարգավորում ավտոտրանսպորտի շահագործման կարգը, այլ ընդամենը ստանդարտներ է սահմանում ապակիների արտադրության համար. «Եթե վարորդին վարչական պատասխանատվության ենթարկելու հարց առաջանա, ապա նա վստահորեն կարող է պնդել, որ նման կարգ գոյություն չունի, կառավարության որոշումն ավտոարտադրողների համար է: Ինչևէ, ես գտնում եմ՝ ճիշտ չէ, որ կարգ չկա, սակայն քանի դեռ կարգավորված չէ, ապա որևէ վարորդին չեն կարող պատասխանատվության ենթարկել»,- մեզ փոխանցեց պարոն Աթանեսյանը:
Գ.Թ.