Կարևոր տեղեկատվություն մգեցված ապակիների և ուժեղացրած ծառայության մեկնարկի մասին

Վարորդների շրջանում լուրեր են տարածվել, թե Ճանապարհային ոստիկանությունն արդեն սկսում է տուգանել մգեցված դիմապակիով մեքենան վարելու համար:

Հիշեցնենք՝ դեռևս նախորդ շաբաթ ՃՈ-ն հորդորեց բոլոր վարորդներին՝ իրենց տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված չափերին:

Այնուհետև ՃՈ-ից պարզաբանեցին, որ խոսքը վերաբերում է միայն առջևի հողմապակուն, ՃՈ իրավաբանական վարչության պետն էլ նշեց, որ առաջիկա օրերի ընթացքում ՃՈ-ն հանդես կգամ նախազգուշացումներով:

Այդ նախազգուշացման փուլը դեռ չի ավարտվել: Քաղաքացիների այն մտահոգությունները, որ հենց այսօրվանից սկսվում են ուժեղացված ծառայություններն ու ՃՈ-ն կտուգանի վարորդներին, այս պահին տեղին չեն:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պարզաբանեցին, որ իրենք նույնպես մոնիթորինգ են իրականացնում, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարորդների մեծ մասն ըմբռնումով են մոտեցել ՃՈ-ի հորդորներին ու վերացրել են թաղանթապատումները: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին, հայտնեցին, որ հստակ գործողությունը սկսելուց երեք օր առաջ կտեղեկացնեն: Թե երբ կսկսվի այսպես կոչված «ռեյդ»-ն, օրը դեռևս չեն որոշել, սակայն հաստատված է, որ երեք օր առաջ վարորդները կնախազգուշացվեն:

«Այնպես որ մեր մտահոգությունը ոչ թե վարչական իրավական ակտ կազմելն է, այլ երթևեկության անվտանգությունն ապահովվելը»,- նշեցին ոստիկանությունից:

Կարդացեք նաև՝

Մգեցված ապակիներից առաջացած խնդիրները. ի՞նչ իրավունքներ ունեն վարորդները

Ոստիկանությունը պարզաբանում է մեքենաների ապակիների մգեցման վերաբերյալ հայտարարությունը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել