Փաստաբանների պալատի նիստերի դահլիճում երեկ հավաքվել էին մի քանի տասնյակ փաստաբաններ, քննարկման թեման վերջերս համայնքում տեղի ունեցած իրադարձություններն էին: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նախ արձանագրեց, որ դահլիճը բազմամարդ է, ապա և ավելացրեց. «Եթե կա այսքան փաստաբան ու պալատի պատերը չեն ճաքել, ապա նշանակում է, որ մենք իրոք ի վիճակի ենք հանգիստ, խաղաղ քննարկում ծավալել»,- իսկ քննարկումն իսկապես խաղաղ էր, նախապես որոշվել էր ձևաչափը, ըստ որի՝ փաստաբանները պետք է գրավոր հարցեր ուղղեին Արա Զոհրաբյանին և փաստաբանների պալատի խորհուրդի անդամներին, այս օրակարգը սպառելուց հետո հերթը հասնելու էր բանավոր հարցերին, այնուհետև խորհրդի անդամները հանդես էին գալու զեկույցներով:
Գրավոր հարցերը հիմնականում ուղղված էին Երվանդ Վարոսյանին և Լուսինե Սահակյանին՝ ի՞նչ է եղել աղմկահարույց խորհրդի ժամանակ, ո՞ւմ մեղքով է սկսվել վիճաբանությունը, ինչո՞ւ է Լուսինե Սահակյանը բացասաբար տրամադրված հանրային պաշտպանի գրասենյակի նկատմամբ, այս բոլոր հարցերը այդպես էլ պատասխան չունեցան. փաստաբանները չէին եկել քննարկմանը: Մինչ այդ Երվանդ Վարոսյանը մեզ հաղորդել էր, որ իրենք բոյկոտում են քննարկումը, քանի որ ձևաչափն (նախապես գրավոր հարցեր ուղարկել) արդեն խոսում է դրա կաշկանդվածության մասին:
Բացի այդ, հարցեր եղան նաև Սահմանադրական բարեփոխումների հետ կապված, արդյոք Երվանդ Վարոսյանի նկատմամբ վարույթը հարուցվե՞լ է բարեփոխումների վերաբերյալ համատեղ քննադատական կարծիքի համար, հետաքրքրում էր փաստաբանների մեկին: Արա Զոհրաբյանն, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ Երվանդ Վարոսյանի նկատմամբ վարույթ հարուցվել էր 2015թ. հունիսի 2-ին, իսկ Սահմանադրական հանձնաժողովը հուլիսի վերջին է միայն հրապարակել իր նախագիծը. «Մեր գործընկերների կարծիքը հրապարակվել է հոկտեմբերի 2-ին, որևէ կերպ վարույթ հարուցելը չէր կարող կապված լինել հենց Սահմանադրական փոփոխությունների հետ»,- պնդեց պալատի նախագահը:
Նման հայտարարությունները, թե իբր փաստաբանը ճնշման է ենթարկվում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր կարծիքի համար, Արա Զոհրաբյանին դուր չեն գալիս, նա նշեց, որ այսկերպ փորձ է արվում վարկաբեկել պալատը. «Մնացած իրենց հայտարարությունները՝ հասցեագրված բացառապես ինձ, ես չեմ համարում պալատի հեղինակությանը վարկաբեկող: Եթե նույնիսկ նրանց հայտարարության մեջ որևէ տոկոս ճշմարտություն կա, այն վերաբերում է անձին, սակայն այս դեպքում, արդեն նշվում է, որ պալատը ներքաշված է ինչ-որ պրոցեսների մեջ»,- ընդգծեց նա: