Հակակոռուպցիոն միջազգային պարտավորությունների կատարումը հանգեցնում է նրան, որ բարելավվում է պետական քաղաքականությունը, ստեղծվում են նոր կառուցակարգեր, կարգավորվում է օրենսդրությունը, որն էլ արդյունավետ և դյուրին է դարձնում քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն պայքարը:
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին Սյունիքի մարզկենտրոնում` Կապանում, «ՀՀ կառավարության պարտավորությունների կատարման ընթացքը միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների համատեքստում» հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ ընդգծեց ՀԵԻԱ-ի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
Նրա խոսքերով` կոռուպցիան երկու շերտ ունի, առաջինը վարչական, այլ կերպ ասած` մանր կոռուպցիան է, որին առնչվում են հանրության լայն շրջանակները, իսկ երկրորդը` քաղաքական կոռուպցիան է, որը բարձր մակարդակի վրա է գտնվում ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում. «Այն էլիտաներին է առնչվում, շատ դեպքերում մենք` հասարակ քաղաքացիներս կարող ենք անգամ չնկատել այն, սակայն դա հենց այն կոռուպցիան է, որը քայքայում է երկրի տնտեսությունը և անվտանգության համակարգը: Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար պետք է ունենալ շատ բարձր քաղաքական կամք ու իրավատեր, պահանջատեր քաղաքացիական հասարակություն,- նշեց պարոն Զադոյանը՝ հավելելով,- Մենք` որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություն, նաև հակակոռուպցիոն կոալիցիան փորձում ենք այդ դերը ստանձնել, թե ինչքանով է դա մեզ հաջողվում, այլ խնդիր է. կան օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ, բայց մենք կարողանում ենք խնդիրները բարձրացնել ու որոշում ընդունողների հետ քննարկել, ինչու չէ նաև ազդել այդ որոշումների վրա»:
Այսօրվա միջոցառմանը «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող, փորձագետ Անի Ասատրյանը ներկայացրեց ծրագիրը, խոսեց Սյունիքի մարզում հակակոռուպցիոն կոալիցիայի գործունեությունից:
Արդարադատության նախարարի տեղակալի օգնական, Հակակոռուպցիոն աշխատանքային խմբի քարտուղար Մարիամ Գալստյանը ներկայացրեց ՀՀ կառավարության միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների կատարման մասին զեկույցը:
«Այս մեկ տարվա ընթացքում բավականին շատ աշխատանքներ են կատարվել հակակոռուպցիոն ոլորտում, արդյունքները դեռևս այդքան էլ շոշափելի չեն, բայց տեսանելի են: Ամենաարդյունավետ քայլերից մեկն այն է, որ քաղաքացիական հասարակությունը բավականին ակտիվ սկսել է կոռուպցիայի դեմ պայքարում գործունեություն ծավալել»,- նշեց զեկուցողը:
Հայաստանի պարտավորությունները միայն միջազգային կազմակերպությունների հանդեպ չեն, իր խոսքը սկսեց Քարլ Ուլբրիխտը` «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետը, մասնակիցները հավելեցին, որ կառավարության հիմնական պարտավորությունը հենց սեփական քաղաքացիների հանդեպ է. «Պետք է կառավարությունը ցույց տա, որ միջազգային պարտավորությունները ոչ միայն միջազգային կազմակերպություններին ներկայացնելու համար են, այլ սեփական քաղաքացիների կյանքը բարեփոխելու»,- նշեց բանախոսը:
ՀՀ կառավարության հակակոռուպցիոն պարտավորությունների կատարման նկատմամբ հասարակական հակակոռուպցիոն վերահսկողության իրականացումը ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը:
Տվյալների հետաքննությունների իրականացումը ՀՀ կառավարության հակակոռուպցիոն պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցը ներկայացրեց Իրավաբան.net մասնագիտական անկախ կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը:
Միջոցառման ընթացքում մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսներին, ծավալվեց արդյունավետ քննարկում:
Ավելի ուշ մեզ հետ զրույցում «Առաքելություն-Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի բնապահպանական ոլորտի պատասխանատու Հրայր Խաչատրյանը նշեց, որ այստեղ քաղաքացիական հասարակությունը կոռուպցիայի դեմ համախմբված չի պայքարում: Թե ինչո՞ւ է մարզկենտրոնում նման վիճակ, սեմինարի մասնակիցը պայմանավորում է շահերի բախման հանգամանքով. «Որոշ ՀԿ-ներ իրենց ֆինանսական միջոցներ ստանում են տարբեր կազմակերպություններից, որոշները՝ պետական մարմիններից, իսկ մյուսները՝ հանքարդյունաբերական ընկերություններից, բնականաբար այս պարագայում ՀԿ-ները ճիշտ մշտադիտարկում չեն կարող իրականացնել»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեկ այլ մասնակցի խոսքերով՝ Կապանում պետական մարմինները հաշվի չեն առնում քաղաքացիների դիրքորոշումը. «Դա հատկապես ակնառու է հակակոռուպցիոն պայքարում: Այստեղ հանրային քննարկումներ չեն իրականացվում»,- նշեց մեր զրուցակիցը:
Հավելենք նաև, որ Հակակոռուպցիոն կոալիցիան իր գործունեությունն իրականացնում է նաև Սյունիքի մարզու, հարթակը բաց կոռուպցիայի դեմ պայքարող ՀԿ-ների համար:
Նշենք, որ միջոցառումն իրականացվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով՝ Եվրոպական միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ:
Իրավաբան.net
Ընտրանի
- Երկիրը, որ մաքուր է կոռուպցիայից, աճող, զարգացող երկիր է
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- ՏԻՄ-երում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համակարգային լինի
- Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է կրթությունից. հակակոռուպցիոն միջոցառում Կապանում
- Պետությունն ու քաղաքացիական հասարակությունը պայքարում են գնումների ոլորտի կոռուպցիոն երևույթների դեմ
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ