Պետությունը և քաղաքացիական հասարակությունը նոր հարթակ են ձևավորում

Պետություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակ և հակակոռուպցիոն աշխատանքային խմբեր կստեղծվեն: Սեպտեմբերի 23-ին քաղաքացիական հասարակությունը, ի դեմս ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Արդարադատության նախարարությունը համատեղ հայտարարություն ստորագրեցին:

Հայտարարությունը ընթերցեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը: Հրապարակելուց առաջ էլ խոստովանեց՝ հուզմունքը շատ է, տպավորություն է, թե Անկախության հռչակագիրն է ընթերցում. «Հուսով եմ այս համատեղ հայտարարությունը հետագայում նույնքան մեծ նշանակություն կունենա մեր երկրի համար»,- ասաց տիկին Դոյդոյանը: Կողմերը համատեղ հայտարարությամբ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել, այդ թվում՝ համաձայնություն է ձեռք բերվում Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ համատեղ հակակոռուպցիոն 2 աշխատանքային խմբերի ստեղծման մասին. «Պայմանավորվում են, որ աշխատանքային հարթակի և աշխատանքային խմբերի աշխատանքները կազմակերպում են ՀՀ արդարադատության նախարարությունը և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ որպես աշխատանքային հարթակի և աշխատանքային խմբերի գործունեության համակարգողներ»,- նշեց տիկին Դոյդոյանը:

Անպատժելիության վերացում, Հակակոռուպցիոն կազմակերպական կառուցակարգերի զարգացում և բարեխղճության ուժեղացում, քաղաքացիական հասարակության զարգացում և հանրային վերահսկողության հզորացում: ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադիր անդամ և քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքը սկսում է սեպտեմբերի 2-ից 4-ը Մալազիայի Պութրաջայա քաղաքում տեղի ունեցած 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովի հիմնական ուղենիշների հնչեցմամբ: Նա անդրադառնում է ապօրինի հարստացման ինստիտուտի քրեականացմանը:

«Մեկ բան բոլորիս համար հստակ է` ապօրինի հարստացման քրեականացման պարագայում մեր երկրում էականորեն կպակասի բարձրագույն և միջին պաշտոնատար անձանց դղյակների շքերթը, որը անզեն աչքերով կարելի է տեսնել ինչպես Երևանի, այդպես էլ Հայաստանի Հանրապետության մյուս բնակավայրերում. իրենց տեղը զիջելով հանրային նշանակության կառույցներին` կրթական և  մշակութային օջախներին, որակյալ ավտոճանապարհներին և հանրային այլ բարիքներին»,- ասաց պարոն Զադոյանը (նրա ելույթին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի բացման խոսքը):

Կոռուպցիան բավականին լայն հասկացություն է և հասարակության բոլոր խավերին է խոցում: Նշեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն. «Կոռուպցիան ունի վատ կողմ և ըստ էության ազդում է հասարակության սոցիալական կառուցածքի վրա, երբ անձինք սկսում են շրջանցելով կանոնները սեփական շահ փնտրել ուրիշի հաշվին»,- հավելեց նա:

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն հարցերը կքննարկվի այս հարթակի միջոցով: Վստահեցրեց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Այսօր մենք ազդարարում ենք և վերջին մեկ տարվա ընթացքում մեր գաղափարախոսությունը կայացել է նրանում, որ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն պետության խնդիրն է՝ սա և՛ պետության, և՛ կառավարության, և՛ ՏԻՄ մարմինների և՛ ՀԿ-ների ու յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է»,- ընդգծեց նախարարի տեղակալը:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ բովանդակային քննարկում խնդիրների վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հարստացման քրեականացման մարտահրավերներն ու տեսլականը ներկայացրեց  «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը, Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման մարտահրավերներին ու ուղիներին անդրադարձավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ազգային փորձագետ Մարատ Ատովմյանը:

Հանդիպման ընթացքում ծավալվեցին քննարկումներ՝ բանախոսների զեկույցների և ինստիտուցիոնալ հարցերի շուրջ:

Վերջում հավելենք նաև, որ այս հարթակը բաց է ՔՀԿ-ների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Ընտրանի

Իրադարձություններ