Նորություններ

Հակասահմանադրական նորմերը շատ ավելի քիչ կլինեին, եթե ՍԴ նախորդ որոշումները առավել խորապես ուսումնասիրվեն. Արամ Վարդևանյան

Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Ու թեև այդ որոշումները իրենց ուժով հավասարազոր են Սահմանադրությանը, սակայն փաստ է, որ այսօր դրանց կիրառելու խնդիր կա: Այս հարցի շուրջ Իրավաբան.net-ը զրուցել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանի հետ:

-Պարոն Վարդևանյան, կան օրինակներ, երբ Սահմանադրական դատարանն (ՍԴ) իր որոշմամբ այս կամ այն նորմը ճանաչում է Սահմանադրությանը հակասող և անվավեր, դրանից հետո կատարվում է օրենսդրական համապատասխան փոփոխությունը, սակայն որոշ ժամանակ անց օրենսդրական փոփոխությամբ վերականգնվում է նախկին իրավիճակը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես նույնիսկ կռահում եմ, թե ինչ դեպքի մասին եք խոսում. ժամանակին ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել վճռաբեկ դատարանում հավարատմագրված փաստաբանների կողմից բողոք ներկայացնելու ինստիտուտը (2008 թ-ի հոկտեմբերի 8-ին ընդունված ՍԴՈ-765 որոշում,- հեղ.), այնուհետև որոշ ժամանակ (2014թ-ի հունվար,- հեղ.) անց Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսվեց, որ վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանները: Այսինքն` որոշակի առումով տրամաբանական հակասության մեջ էր այդ ինտիտուտի ներդրումը ՍԴ-ի նախորդ որոշման հետ: Այո, ՍԴ որոշումների իրացման տեսանկյունից խնդիրներ կան: Նաև ՍԴ-ն իր տարեկան հաղորդումներում արձանագրել է, որ իր որոշումների իրացման տեսնակյունից օրենսդրությունը բարելացելու տեղ ունի: Այս հարցը կարող է քննարկման առակա դառնալ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում:

Տեսեք, եթե այդպիսի խնդիրներ են առաջանում, ապա առաջին հերթին հարցերը պետք է ուղղվեն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող սուբյեկտներին, այսինքն` կառավարությանը և Ազգային ժողովի պատգամավորներին: Ի վերջո, հենց այս սուբյեկտները պետք է հասկանան, որ կաշկանդված են Սահմանադրությամբ և ՍԴ որոշումներով: Եվ այդ որոշումները պետք է դառնան մեր իրավակիրառողների և օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկողների ամենօրյա աշխատաքնի հիմքը: ՍԴ որոշումների մասով նշեմ նաև, որ ուշադիր պետք է լինել ոչ միայն այն դեպքերին, երբ նորմը ճանաչվում է  հակասահմանադրական, այլև այն դեպքերին, երբ թեև չի ճանաչվում հակասահմանադրական, սակայն դրա կիրառման վերաբերյալ հստակ իրավական դիրքորոշում է տրվում:

-Ես այլ օրինակ նկատի ունեի, երբ հարցը տվեցի: Այնուամենայնիվ, շարքային քաղաքացու համար Սահմանադրական դատարան հասնելը բավականին բարդ է, և արդյո՞ք չկան մեխանիզմներ «ճանապարհը կարճելու», երբ խոսքը նման դեպքերին է վերաբերում:

-Եթե ՍԴ որոշմամբ արձանագրվում է, որ «իքս» նորմի կիրառումը հանգեցնելու է մարդկանց իրավունքների խախտման, ապա, բնականաբար, այդ ուղին կրկին անգամ ընտրելը կամ շարունակելը հանգեցնելու է մարդու իրավունքների խախտման, որն, իհարկե, չի համապատասխանում իրավունքի գերակայության սկզբունքին, չի համապատասխանում իրավական պետության սկզբունքին և, առհասարակ, հարիր չէ ժողովրդավարական հասարակություններին: Եվ այս դեպքում մենք պետք է արձանագրենք, որ որոշ դեպքերում պետք է լինի պետական կամքը` ՍԴ որոշումները ` լիարժեքորեն իրացնելու համար: Ես հուսով եմ, որ օրենսդրական մակարդակով որոշումների իրացման խնդրին լուծում կտրվի:

Դուք ճիշտ եք, դյուրին ճանապարհ չէ ՍԴ հասնելը, դա խրթին ճանապարհ է, սակայն հատկանշանակն ու գովելի է, որ ՍԴ որոշումների հիմնական մասը կայացվում են հենց անհատական դիմումների հիման վրա: Ես կարծում եմ, որ եթե օրենսդրական փոփոխությունը հանգեցնում է հին կարգավորման վերականգնմանը, ապա այն կարող է դառնալ ՍԴ-ում քննության առարկա, և այդ ժամանակ ևս ՍԴ-ն կարտահայտի իր դիրքորոշումը:

Միջազգային փորձում կա մեխանիզմ, որ սահմանադրական դատարանները սեփական նախաձեռնությամբ կարողանում են քննել իրավական նորմերի սահմանադրականությունը: Այսինքն, դատարանն է որոշում, թե որ նորմի սահմանադրականությունը քննի: Այդպիսի կարգավորում մենք չունենք: Եվ այդ հարցի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը բավականին ծավալուն հետազոտություն է իրականացրել և, ընդհանուր առմամբ, այդ մոդելը համարվում է ոչ արդյունավետ: Այդ տրամաբանությամբ անհնար է հասկանալ, թե որը քննության առարկա դարձնել, որը` ոչ, քանի որ բոլոր երկրներում էլ լինում են սահմանադրականության հետ կապված խնդիրներ, ոչ բոլոր նորմերն են կատարյալ:

Ներկայիս կարգավորման պարագայում մեխանզիմները մի քանիսն են. նորի սահմանադրականությունը կարող է քննվել հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի, կառավարության և նաև անհատի դիմումի հիման վրա: Եթե անձը տեսնում է, որ տվյալ նորմը հանգեցնում է իր իրավունքների խախտման, ապա նա պետք է սպառի ներպետական դատական բոլոր ատյանները (դատարանները նույնպես կարող են միջնորդել ՍԴ) և արդեն դիմի ՍԴ` նորմը քննության առարկա դարձնելու համար:

-Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ինչ-որ մեկն արդեն իսկ այդ ճանապարհով անցել է, և պետք է երկրորդը նույնպես նույն ճանապարհը անցնի` միևնույն նպատակով:

-Կարծում եմ, պետք է հետևողական լինել, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում  կարևորը երբեք չհանձվելն ու հետևողական պայքար մղելն է: Պատկերացրեք, բազմաթիվ են այն դեպքերը, երբ հեղինակավոր կազմակերպությունները տարիներ շարունակ բարձրաձայնում են ինչ-ինչ խնդիրներ, և դրա արդյունքում է միայն լուծում տրվում: Եվ այս դեպքում չեմ կարող ասել, որ ճանապարհը դյուրին է, սակայն այդ աստիճանի խրթին չէ, ճանապարհը հստակ է, մեխանիզմները` ակնհայտ:

Իհարկե, ցավալի է, որ արդեն մեկ անգամ մեկն անցել է ճանապարհը և հարցի վերաբերյալ կա որոշում, ևւ ցավալի է, որ կրկին պետք է քննության առարկա դառնա հարցը: Եվ մեկ այլ տեսանկույնից, դա նաև ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործում է: Պատկերացրեք, որ այդ կառույցը աշխատել է մեկ անգամ և տվել է համապատասխան որոշում: Սակայն ճանապարհը մեկն է` հետևողականությունը:

Թեև կարող եմ ասել նաև և վերջին ժամանակների փորձն էլ  ցույց  է տալիս, որ բավականին դրական շարժ կա և մեր օրենսդրությունը գնում է սահմանադրականցման ճանապարհով, թեև դեռևս անելիքներ կան: Հուսով եմ, որոշակի ժամանակ անց հնարավոր կլինի լուծել:

-Ձեր խոսքում նշեցիք, որ ՍԴ որոշումների կատարման հարցը կարող է լուծվել սահմանադրական բերափոխումների շրջանակներում: Խոսքն ինչի՞ մասին է:

-Որպես ոլորտի աշխատող, ես պատկերացնում եմ, որ հենց սահմանդրության մակարդակով կարող են սահմանվել ՍԴ որոշումների հետևանքներ առաջացնելու վերաբերյալ մեխանիզմներ: Կարող են նախատեսվել կոնկերտ սուբյեկտների համար պարտականություններ` ՍԴ որոշումների իրացման առումով:

Ես վերջերս ուսումնասիրում էի միջազգային փորձը: Ավստրիայի սահամանդրությամբ, ՍԴ որոշումների կատարման մասով երաշխավորը երկրի նախագահն է (Ավստրիան նախագահական երկիր է): Հետևաբար, այն դեպքերում երբ որոշումները չեն կատարվում, ապա հարցերն ուղղվում են երաշխավորին: Սա մոդելներից մեկն է:

Սահմանադրական դատարանը չի կարող երաշխավորը լինել իր որոշումներ կատարման: Դա արդյունավետ չի կարող լինել: Օրինակ, մյուս դատարանների դեպքում դատական ակտերի կատարումն ապահովող մարմին կա` ԴԱՀԿ-ը: Այսինքն` մեկը ապահովում է ակտի կայացումը, մյուսը` դրա կատարումը:

-Բազմիցս խոսվում է այն մասին, որ վճռաբեկ դատարանը նույնպես երբեմն բավարար չի կարևորում ՍԴորոշումները, կիրառում է հակասահմանադրական ճանաչված նորմեր:

-Գիտեք, որ հենց վերջերս վճռաբեկ դատարանը կոնկրետ գործով անդրադարձել էր ՍԴ որոշմանը և բեկանելէր նախորդ ատյանի որոշումը: Սա կարող է ուրախության առիթ լինել, սակայն իրականում դա իրադարձությունների բնականոն զարգացումն է: Բնական է, որ ՍԴ որոշումներով պետք է կաշկանդված լինեն, դա նրանց պարտավորությունն է: Սահմանադրությամբ ՀՀ-ն իրավական պետություն է և ՍԴ որոշումները պետք է պատշաճ կերպով իրացվեն:

Իսկ ինչ վերաբերում է դեպքերին, երբ բավարար չեն կարևավորել ՍԴ որոշումները, այո, նման դեպքեր եղել են, սակայն ունենք դրական զարգացում: Վերջերս նման բաներ չեն լինում:

Տեսեք, բոլոր այն դեպքերում, երբ համապատասխան սուբյեկտները բավարար հետևողական չեն լինում ՍԴ որոշումներին, դա որևէ կերպ դրական ազդեցություն ունենալ չի կարող մեր հասարակության և օրենսդրության զարգացման վրա, և,  որն ավելի ցավալի է, սահմանադրականության զարգացման վրա: Իսկապես, հակասահմանադրական նորմերի քանակը շատ ավելի քիչ կլիներ վերջին շրջանում, եթե ՍԴ նախորդ որոշումները շատ ավելի խորապես ուսումնասիրվեն: Խնդիր է, որին, հույս ունեմ, լուծում կտրվի:

Հարցազրույցը` Աստղիկ Կարապետյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել