Նորություններ

«Մենք հանրային քննարկման նոր գործելաոճ ենք նախաձեռնել». Արսեն Մկրտչյան

Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված` «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» գնահատման զեկույցը:

Զեկույցում տեղ գտած գնահատականների շուրջ Իրավաբան.net-ը զրուցել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի հետ (Զեկույցում տեղ գտած գնահատականներին մանրամասն կարող եք ծանոթանալ` այստեղ):

Ազգային ժողովը, ակնհայտ, երկրորդական դեր է կատարում: Նման խնդիր էր արձանագրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը: Ըստ զեկուցագրերի` հիմնական գլխավոր դերը կառավարությունն է իրականացնում: Ըստ էության, այս զեկույցում սուր էին գնահատականներն Ազգային ժողովի գործունեության առնչությամբ: Ձեր վերաբերմունքը ինչպիսի՞ն է:

Ես չեմ կարծում, որ սուր էին: Ընդհանուր առմամբ` նշվում էր, որ օրենսդրական աշխատանքների մասով մեծ է գործադիրի դերը: Այո, շատ ու շատ երկրներ կան, որ օրենսդրական նախաձեռնությունների իրավունքը պատկանում է բացառապես գործադիրին, կան երկրներ, որ երկու մոդելներ ունեն` գործադիրն ու օրենսդիրը կարող է նախաձեռնել: Ընդհանրապես, եթե նայենք վիճակագրությանն, ապա օրենսդրական նախաձեռնությունների տեսանկյունից, չեմ կարծում, որ այսօր` այս փուլում մենք գտնվում ենք այն տոկոսային հարաբերակցության մեջ, որը նշված էր զեկույցում: Ներկայումս պատգամավորների նախաձեռնությունները բազմաթիվ են, այլ բան է, որ օրենք դառնալու տեսանկյունից կա հարաբերակցություն: Ըստ Ազգային ժողովի վերջին վիճակագրության` պատգամավորների և կառավարության նախաձեռնության տոկոսային հարաբերակցությունն էականորեն տարբեր է, քան նշված է զեկույցում:

Զեկույցը նաև փաստում է, որ օրենսդրական ողջ գործընթացում շահակիցների հետ ներկայումս չեն իրականացվում համարժեք և բավարար խորհրդակցություններ:

Ընդհանրապես հանրային քննարկումները շատ կարևոր ոլորտ է օրենքի ընդունման առումով: Մենք հանրային քննարկման նոր գորժելաոճ ենք նախաձեռնել: Նախարարին կից հանրային խորհուրդ է գործում, չնայած ինքնին կից բառն այս դեպքում հանրային խորհրդին սազական չէ, որովհետև ընդգրկված են բազմաթիվ ՀԿ-ներ: Մեր հիմնական նախաձեռնությունները պարտադիր քննարկում ենք այդ խորհրդում: Մենք այս մասվա մեր անելիքների մեջ տեսնում ենք նաև այն օրենսդրական ակտերի հայեցակարգերի քննարկումը, որոնք խորն են: Մասնավորապես նախատեսում ենք իրականացնել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ` բոլոր դրույթներում, այս փուլում առկա են արդեն հայեցակարգային մոտեցումները, որոնք առաջարկել են անկախ փորձագետները: Առաջիկայում կսկսենք հենց հայեցակարգերի հանրային քննարկումները, որպեսզի տեսնեք հանրային և թիրախային խմբերի կարծիքը: Նշեմ, որ հանրային ոլորտն է, որ, թերևս, ուժ է տալիս օրենքին: Առաջիկա մեր անելիքների մասով շատ մեծ տեղ ենք տալու հենց հանրային քննարկումներին:

Անդրադառնալով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցին` եթե փորձենք ընդհանուր գնահատական տալ, ապա այն ի՞նչ տվեց արդարադատության նախարարությանը:

Այն առիթ հանդիսացավ ավելի արագացնելու գործընթացները: Իրականում, այն ամենը, ինչ-որ ԺՀՄԻԳ-ի զեկույցում գրված էր, մենք արդեն իսկ ունեինք արձանագրած: Զեկույցը նաև առիթ հանդիսացավ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ շարունակելու օրենսդրական աշխատանքներն` ավելի արդյունավետ ապագա ունենալու համար:

Հարցազրույցը` Գևորգ Թոսունյանի
Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել