Ներկայումս օրենսդրական գործընթացի հիմնական «գործող անձը» կառավարությունն է, մինչդեռ Ազգային ժողովի դերը սահմանափակ է: Սա ընդամենը մի կետ էր տասնյակ խնդիրներով բաղկացած ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` հոկտեմբերի 30-ին Երևանում ներկայացվեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից պատրաստված «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը:
Իրավաբան.net-ը ուսումնասիրել է 87 էջանոց այս զեկույցի ոչ պաշտոնական թարգմանությունը: Ի դեպ, զեկույցում նշվում է, որ այն պատրաստվել է արդարադատության նախարարության խնդրանքով: Զեկույցը կազմված է ներածությունից, համառոտ ակնարկից, թեմատիկ վերլուծությունից և 4 հավելվածներից:
Զեկույցի հեղինակները գտնում են, որ Հայաստանում օրենսդրական գործընթացը չափազանց ֆորմալացված է, իսկ սահմանված ժամկետները` կարծր: Ուստի` կրճատվում է այն անհրաժեշտ ժամանակը, որը հնարավորություն կտար լիարժեք ուսումնասիրել օրենսդրության միջոցով լուծվելիք խնդիրը: Շեշտվում է, որ օրենսդրական գործընթացի սկզբնական փուլում բավարար աշխատանքներ չեն տարվում քաղաքականության ձևավորման վրա, փոխարենը կենտրոնացված են օրենսդրությունը պատրաստելու և ընդունելու վրա:
Զեկույցը նաև փաստում է, որ օրենսդրական ողջ գործընթացում շահակիցների հետ ներկայումս չեն իրականացվում համարժեք և բավարար խորհրդակցություններ` սկսած դեռ նախաօրենսդրական փուլից. «Օրենքների նախագծերը համապատասխան շահակիցներին սկզբունքորեն հասանելի են դառնում միայն Ազգային ժողով ներկայացվելուց հետո: Իշխանության գործադիր ճյուղն արտաքին սոբյեկտների կարծիքները ստանալու նպատակով որոշ օրենքների նախագծեր հրապարակում է նախքան դրանք պաշտոնապես վերջնական տեսքի բերելը»,- կարդում ենք զեկույցում: Այս տեսանկյունից զեկուցագիրները անբավարար են համարում քաղաքացիական հասարակության հետ տարվող աշխատանքները: Զեկույցի վրա աշխատելիս մասնագետները զրուցել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք նշել են, թե հանրային լսումներին երբեմն հրավիրվում են միայն քաղաքացիական հասարակության այն կառույցները, որոնք «հաճելի» են կառավարությանը: Նրանց մտահոգությունները իմի բերելով` զեկուցագրերը եզրահանգում են, որ ՀԿ-ները ըստ երևույթին սովորաբար հնարավորություն չունեն` ներգրավվելու օրենքի հայեցակարգ կամ օրենքի նախագիծ մշակելու նպատակով կոնկրետ նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին: Զեկույցում նաև խոսք է գնում հատուկ պատրաստված կադրերի անբավարարության մասին:
Փաստաթղթի հեղինակները փաստում են` օրենքների նախապատրաստման հարցում իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների միջև համաձայնությունը բացակայում է: Սա զեկուցագիրները «լրջագույն մարտահրավեր» են համարում ու հենց այս հանգամանքով են պայմանավորում ընդդիմադիր ուժերի մշտական դժգոհությունները:
Մյուս խնդիրը օրենսդրական գերբեռնվածությունն է. «Կառավարության ծրագիրը որպես կանոն ներառում է տարվա կտրվածքով առաջարկվող 150-200 օրենքներ, որն անխուսափելիորեն մեծ ճնշում է առաջացնում թե՛ կառավարության, թե՛ ԱԺ-ի օրինաստեղխ ռեսուրսների համակցության նկատմամբ»,- ընդգծվում է զեկույցում:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի լիազորություններին` որպես օրենսդիր մարմին, ապա զեկուցագիրների ընդհանուր տպավորությունն այն է, որ կառավարության և Ազգային ժողովի ներսում օրենսդրական գործընթացը չափազանց ֆորմալացված է. «Եթե օրենքի նախագծի «հեղինակը» կառավարությունն է, ապա վերջինս կարող է փաստացի արգելափակել Ազգային ժողովում առաջարկվող բոլոր այն փոփոխություններն, որոնք իր համար ընդունելի չեն»,- շեշտվում է զեկույցում: Մասնագետները նաև արձանագրում են, որ ընդհանուր առմամբ պատգամավորները չունեն առանձնահատուկ մասնագիտական որակավորում կամ պատրաստվածություն: «Ազգային ժողովի դերը» բաժնում հետևյալ դիտարկումը կա. «Օրենսդրական ընթացակարգը Հայաստանում կարծես որոշակի համակարգ է, որում առաջատար դերը կատարում է կառավարությունը, իսկ կառավարության թիկունքում` նաև նախագահը»: Այս համատեքստում, ըստ զեկուցագրերի, «Ազգային ժողովը, ակնհայտ, երկրորդական դեր է կատարում, և գրեթե կամ իսպառ չունի որևէ աղբյուրից օերնսդրական առաջարկները վերացնելու և օրենքի վերծանելու անկախ իրավասություն»: