Նորություններ

Պատասխան. Ինչպե՞ս է ՀՀ նախագահի թեկնածուն պատկերացնում Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի

Ընթերցողին ենք ներկայացնում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածուներին, ընտրվելու դեպքում Հայաստանում կոռուպցիան նվազագույնին հասցնելու ուղղությամբ, առաջադրված հարցերի կապակցությամբ:

Կազմակերպության կողմից առաջադրվել են վեց հարց, որոնց տրվել են հետևյալ պատասխանները:

1. Ի՞նչ գործողություններ եք նախատեսում իրականացնել երկրում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար. 

ՊատասխանՐաֆֆի Հովհաննիսյանի ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին և այդ արատավոր երևույթը նվազագույնի հասցնելու հրամայականին մանրամասն անդրադարձ է կատարվում «Արդար կառավարում, օրինականության հաստատում, արդարադատություն և պայքար կոռուպցիայի դեմ» բաժնում (http://raffi4president.am/hy/platform?start=4): Ստորև հատվածաբար ներկայացնում ենք կոռուպցիային առնչվող անդրադարձները:

Արդար կառավարում, օրինականության հաստատում, արդարադատություն և պայքար կոռուպցիայի դեմ

Ցանկացած պետական պաշտոնյա՝ գյուղապետից մինչև ՀՀ նախագահ, պարտավոր է համայնքային կամ պետական բյուջեի գումարներին վերաբերվել նույն սրտացավությամբ, ինչպես սեփական ընտանեկան բյուջեի ծախսերին: Պետական պաշտոնյան պետք է ապրի զուսպ ու համեստ` երբեք չչարաշահելով իր կարգավիճակը և թույլ չտալով պետական բյուջեի շռայլումներ ու ցոփ կյանք, մանավանդ Հայաստանի պես երկրում, որտեղ կան հարյուր հազարավոր աղքատ մարդիկ:

Այս ոլորտում կարևոր է.

  • օրենքի համահավասար ու պատժելիության սկզբունքի կիրառումը բարձրագույն պաշտոնյայից` Նախագահից ու նրա ընտանիքի անդամներից, մինչև ՀՀ շարքային քաղաքացի,
  • չարաշահումների դեպքում անկախ դատախազական վերահսկողության իրականացումը, ինչպես նաև սեփական իրավունքների մասին հասարակության բարձր իրավագիտակցության ու իրազեկվածության ապահովումը,
  • հասարակության և պետության ապախորհրդայնացումը, ամբողջատիրական անցյալի հանցագործությունների բացահայտման հետ մեկտեղ հասարակական գիտակցությունից ստրկացնող բարդույթների, սովորությունների և կարծրատիպերի դուրսմղումը,
  • քաղաքական, հասարակական, մասնագիտական ոլորտներում նոր, տաղանդավոր, արհեստավարժ, անկախ մարդկանց մասնակցության աստիճանական, բայց նպատակամետ աճը, որոնք կոչված կլինեն փոխարինելու գորշ, ամեն ինչի հետ համակերպվող «լճացման էլիտային», պետական ծառայողների նոր սերնդի ձևավորումը,
  • սոցիալական պաշտպանության և բնակչության սոցիալական ապահովության գործուն համակարգի ձևավորումը,
  • լիակատար պետական աջակցություն ժամանակակից միջին խավի ձևավորմանը, մանր և միջին սեփականատերերի իրավազրկության վերացումը,
  • պետական քաղաքականության էկոլոգիացումը,
  • ազգային հարստության արդյունավետ ու նպատակային կառավարումը ու բազմապատկումը,
  • հովանավորչության, կոռուպցիայի դեմ իրական, արդյունավետ պայքարը և համակարգային հակազդեցությունը` ներառյալ օրենսդրության մասշտաբային հակակոռուպցիոն շտկումը, պետական ապարատի հակակոռուպցիոն զտման իրականացումը,
  • տնտեսության և սեփականության կառուցվածքի աստիճանական, բայց անշեղ դիվերսիֆիկացումը, իրավական եղանակներով սեփականության կենտրոնացման նվազեցումը` օլիգարխիայից դեպի միջին և մանր սեփականատերեր ազգային պաշարամիջոցների հանդեպ հսկողության վերաբաշխման նպատակով,
  • օլիգարխիկ տնտեսության փոխարեն ժամանակակից սոցիալական շուկայական տնտեսություն ստեղծումը, կլանային ու ստվերային տնտեսությունից ձերբազատումը, ազատ մրցակցային տնտեսական համակարգի ձևավորումը, բնական մենաշնորհների արդար և արդյունավետ կարգավորումը, արհեստական մենաշնորհների դեմ պայքարի ուժեղացումը,
  • եկամուտների քաղաքականության շրջադարձը օլիգարխներից դեպի քաղաքացիներ, միջին և մանր բիզնես, եկամուտների արդարացի վերաբաշխումը և սոցիալական բևեռացման մեղմումը,
  • հօգուտ մարզերի, տեղական ինքնակառավարման ֆինանսական հիմքերի ապահովումը, տարածքային և համայնքային քաղաքականության սոցիալականացումը,
  • սահմանամերձ շրջանների զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի մշակումը և իրականացումը,
  • պետական ձեռնարկությունների և հանքավայրերի` ապօրինի, չհիմնավորված ցածր գներով, պետությանը հասցված խոշոր չափերի վնասով իրականացված մասնավորեցումների վերանայումը, ազգայնացում և նոր մասնավորեցում` բաց, թափանցիկ մրցույթների հիման վրա, որի արդյունքում բյուջետային հավելյալ եկամուտների ապահովում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

  • Ապահովել Մեծ վերադարձ դեպի Հայաստան, որի շնորհիվ 5 տարվա ընթացքում Հայաստանից մեկնողների և վերադարձողների հաշվեկշիռը կդառնա դրական: Երկարաժամկետ կտրվածքով` առաջիկա 10-15 տարիների կտրվածքով ապահովել առնվազն 4 միլիոն բնակչություն ունեցող Հայաստան: Սա Հայաստանի Հանրապետության պետական և հանրային անվտանգության տարրական անհրաժեշտությունն է:
  • Հիմնել հատուկ մարմին` անկախ դատախազի հաստատություն, որը կնշանակվի խորհրդարանի կողմից և որի իրավասությունների մեջ կմտնի պետական ու հասարակական շահի ոտնահարման դեպքերում քրեական գործերի հարուցումը:
  • Փոփոխություններ և լրացումներ առաջարկել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում` վերացնելով ՀՔԾ-ի կախվածությունը դատախազությունից:
  • ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկել երկրում արմատացած քաղաքական, համակարգային և վարչատնտեսական կոռուպցիայի ու անօրինականությունների գլխավոր պատասխանատուներին, ովքեր բազմիցս խախտել են երկրի Սահմանադրությունը և օրենքները:
  • Փոփոխություններ և լրացումներ առաջարկել «Վերահսկիչ պալատի մասին», «Դատախազության մասին» օրենքներում` մեծացնելով Վերահսկիչ պալատի դերը և սահմանելով դատախազության պարտականությունը` գործ հարուցելու հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ:
  • Բացահայտել և արդարադատություն իրականացնել 2008թ. մարտի 1-2-ի ոճրագործության և հաջորդած զարգացումների հակաօրինական ու հակաիրավական բոլոր գործողությունների և դրանց մեղավորների նկատմամբ:
  • Ապահովել քաղաքացիների ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, հավաքներ կազմակերպելու և բողոքելու հիմնարար իրավունքներն ու պատասխանատվություն հարուցել այդ իրավունքները ոտնահարող պաշտոնյաների նկատմամբ:
  • Պատասխանատվություն հարուցել քաղբանտարկյալների և քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց քաղաքական հետապնդումներն «օրինականացրած» դատավորների նկատմամբ:
  • Տուժած քաղաքացիների վնասները փոխհատուցել ակնհայտորեն անարդար դատական ակտ հրապարակած դատավորի անձնական գույքի և ունեցվածքի հաշվին:
  • Արմատապես բարեփոխել ոստիկանության համակարգը:
  • Պատասխանատվություն հարուցել քաղաքացիների ու պատգամավորների հանդեպ բռնություններ կիրառած իրավապահների նկատմամբ:
  • Անհրաժեշտ բյուջետային միջոցներ հատկացնել ՀՀ տարածքում գործող կալանավայրերի վերանորոգման և ընդլայնման, դրանցում բանտախցերի գերբեռնվածության նվազեցման, այդ խցերի հակասանիտարական վիճակի, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման նպատակին:
  • Իսպառ բացառել իշխանության հետ օլիգարխների, խոշոր բիզնեսի այլ ներկայացուցիչների սերտաճումը, հիմնաքանդել մենաշնորհները, բացահայտել ու պատասխանատվության ենթարկել բոլոր մակարդակներում անձնական, ընտանեկան կամ կուսակցական նպատակով պաշտոնական դիրքի չարաշահող անձանց:
  • Բացառել Ազգային ժողովում ընդունվող օրենսդրության վրա գործարար շրջանակների ազդեցությունն ու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց առկայությունը խորհրդարանում, ինչպես նաև պաշտոնից հեռացնել մասնավոր շահ հետապնդող պաշտոնյաներին:
  • Ընդունել ու կիրառության մեջ դնել փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը թեթևացնող, բիզնեսին հարկային ահաբեկչությունից ու կամայականությունից զերծ պահող հարկային պարզեցված օրենսդրություն:
  • Հանցավոր ճանապարհով կուտակված հարստության նկատմամբ կիրառել օրինականության վերականգնմանն ուղղված օրենքով սահմանված միջոցներ` այն վերադարձնելով պետության տնօրինությանը, որպեսզի հետագայում մասնավորեցվի ազատ, իրավական, մրցակցային եղանակով:
  • Վերանայել ՀՀ գործող օրենսդրությունը` կոռուպցիոն ռիսկերին վերաբերող դրույթների վերացման և պատասխանատվության հստակ նորմերի սահմանման, ինչպես նաև ԳՐԵԿՕ-ի (Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խումբ) պահանջների կատարման լույսի ներքո:
  • Վերանայել «Գնումների մասին» օրենքը` պետական ու համայնքային ենթակայության հաստատությունների կարիքների համար հայտարարվող մրցույթների արդարության, թափանցիկության և օրինականության ապահովման նպատակով: Պետական գնումների գործընթացում և կոռուպցիայի դեմ պայքարում կիրառել արևմտյան երկրների տիպօրինակը, այսինքն` մրցույթների անցկացման ժամանակ հաղթող մասնակցից պահանջել մրցութային ապրանքի ձեռքբերման գինը հավաստող փաստաթղթեր և կառավարության որոշմամբ մասնակցին թույլատրել հավելագին ավելացնել պետության կողմից թույլատրելի ողջամիտ շահույթի տոկոսադրույքի սահմաններում, որից 10-30% «ատկատ» տալը տեսականորեն և գործնականում անհնար կդառնա, իսկ ՀՀ պետբյուջեն և տնտեսության բոլոր ոլորտները միասին վերցրած տարեկան կխնայեն նվազագույնը 500 միլիոն դոլար:
  • Ստեղծել պարզ, կայուն ու կանխատեսելի հարկային դաշտ` բարեխիղճ հարկատուներին ապահովագրելով կրկնակի հարկումից, որը գանձվում է անբարեխիղճների բացը լրացնելու համար:
  • Կատարելագործել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի, էթիկայի հանձնաժողովի, ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի ու եկամուտների հայտարարագրման ինստիտուտները, ինչպես նաև լրամշակել Քրեական օրենսգիրքը տնտեսական հանցագործությունների մասով:
  • Խստացնել օրենսդրությունը` արհեստական մենաշնորհները սահմանափակելու և վերահսկելու նպատակով, փոփոխություններ և լրացումներ առաջարկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և հարակից այլ օրենքներում:
  • Լրամշակել «Քաղաքաշինության մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» և այլ օրենքներ` քաղաքաշինական, բնապահպանական նորմերի, օրենքների խախտմամբ շինարարության կանխման, վերացման ու կարգազանցների պատժման նպատակով:
  • Գործող օրենքների կիրառմամբ` ստվերային տնտեսության մեջ գտնվող օլիգարխներին և խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերելու գործընթացի շնորհիվ արդեն 2013թ. հարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում 17%-ից հասցնել 23%-ի, ինչը թույլ կտա լրացուցիչ բյուջե մուտքագրել մոտավորապես 250մլրդ դրամ (շուրջ $ 615 մլն):
  • Ավտոմեքենաների տեխնիկական վիճակի կազմակերպումն ու վերահսկողությունը օրենքով ամրագրել դրանք ապահովագրող ընկերությունների վրա:
  • Օրինականությունը վերականգնելու նպատակով Ազգային ժողովի և Վերահսկիչ պալատի քննարկման առարկա դարձնել`
    • պետական գույքի սեփականաշնորհման ողջ գործընթացը և դրա արդյունքները,
    • «Գույք` պարտքի դիմաց» միջպետական պայմանագրի, դրա քաղաքական և տնտեսական հիմնավորվածության հարցը, պայմանագրով ամրագրված կետերի լիարժեք կատարուման հարցերը
    • հակակոռուպցիոն ռազմավարության նոր հայեցակարգի մշակումը և ընդունումը` քաղաքացիական հասարակության լայն ներգրավվածությամբ,
    • ՀՀ սահմանադրական դատարանի` պետական կարիքների համար ՀՀ քաղաքացիների սեփականության օտարմանը վերաբերող որոշումների կատարման արդյունքները:

Ինչպես տեսնում եք, ներկայացված կետերում առկա են Ձեր հարցերից առաջինի պատասխանները:

2. Որո՞նք են Ձեր համար կոռուպցիայի տեսանկյունից խոցելի ոլորտներ, որոնք առաջնահերթության կարիք են զգում կոռուպցիայից ձերբազատելու համար.

Րաֆֆի ՀովհաննիսյանԵրկրորդ հարցի վերաբերյալ կարող ենք ասել, որ պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտներն այս կամ այն չափով վարակված են այս ախտով: Սակայն հատկապես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հարկա-մաքսային, դատական, առողջապահական, իրավապահ և կրթության ոլորտներին: Պակաս տեսանելի, սակայն ոչ պակաս վտանգավոր է մեզանում քաղաքական կոռուպցիայի արմատավորումը:

3. Արդյո՞ք նախատեսվում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված անկախ մարմին, և ի՞նչ կարգով. 


Րաֆֆի Հովհաննիսյան
– Ինչպես գիտեք, «Ժառանգություն» խմբակցությունը դեռ 2012թ. աշնանային նստաշրջանում ներկայացրել էր օրինագիծ ԱԺ հատուկ հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ՝ ԱԺ բոլոր խմբակցությունների հավասար մասնակցությամբ:

Օրինագիծը, սակայն, մերժվել էր իշխող մեծամասնության կողմից: Նախագահ ընտրվելու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կխրախուսի ԱԺ-ում նման հանձնաժողովի ձևավորումը:

4. Իրատեսակա՞ն եք համարում պաշտոնավարման առաջիկա 5 տարիների ընթացքում ապօրինի հարստացման քրեականացումը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցած «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» և «Կանխիկ գործառնությունների սահմանափակումների մասին»  ՀՀ օրենքների ընդունումը.

Րաֆֆի Հովհաննիսյան – Այո, միարժեքորեն հնարավոր ենք համարում: 

5. Կոռուպցիոն հանցագործութունների համար քրեական պատիժը նախատեսու՞մ եք խստացնել` այն դասելով ծանր հանցագործությունների թվին.

Րաֆֆի Հովհաննիսյան – Այո, որոշ չափով և հստակ սահմանված դեպքերում: 

6. Որպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիք՝ հաղորդում տվող անձանց պաշտպանության ու խրախուսման համար ինչպիսի՞ մեխանիզմներ եք նախատեսում իրագործել:

Րաֆֆի Հովհաննիսյան – Նշված անձանց ազատում պատասխանատվությունից, եթե նրանց գործողությունների արդյունքում պետությանը չի հասցվել առանձնապես խոշոր չափերի վնաս: Այս դեպքում կկիրառվի հատուկ ընթացակարգ: Նաև նշված անձանց հանդեպ վկաների պաշտպանության ինստիտուտի արդյունավետ ներդրում և կիրառություն:

Հիշեցնում ենք, որ ՀՀ նախագահի այն թեկնածուները կամ նրանց նախընտրական շտաբների պատասխանատուները, ովքեր դեռևս չեն պատասխանել, կարող են դրանք ուղարկել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակ, Նալբանդյան 7, գրասենյակ 2 հասցեով, կամ՝ [email protected] էլեկտրոնային հասցին:

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիր

Լուսանկարը՝ www.azatutyun.am-ի

 Աղբյուրը` Իրավաբան․net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել